Արմինֆո. Մարզպետները քաղաքացիներին կոչ են արել ուժեղացնել COVID-19-ի հետ կապված հանրային վերահսկողությունը։
Մասնավորապես, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշել է, որ Լոռու մարզում իրավիճակը գնալով դառնում է ավելի խնդրահարույց: <Հանրային վերահսկողությունն այս փուլում չափազանց կարևոր է: Օգնեք միասին, համախմբված, համատեղ ուժերով հաղթահարել պայթյունավտանգ այս իրավիճակը: Լուսանկարեք մարզի ողջ տարածքում հանդիպող կուտակումներն ու ուղարկեք ինձ' նշելով ժամն ու տեղը: Հրապարակելու ենք ինչպես կուտակումները, այնպես էլ օրինակելի դեպքերը: Հանրությունը հզոր ներուժ ունի, օգտագործենք այն բոլորիս առողջության ու կյանքի փրկության համար>,- ասել է նա։ Նման կոչով Արարատի մարզի բնակիչներին դիմել է նաեւ մարզպետ Գարիկ Սարգսյանը։ <Արարատի մարզի հարգելի բնակիչներ, հաշվի առնելով այն իրավիճակը, որը ստեղծվել է ամբողջ հանրապետությունում, առաջարկում եմ իրականացնել հանրային վերահսկողության գործողություններ: Եթե ականատես կլինեք հակահամաճարակային կանոնների խախտման դեպքերի, խնդրում եմ արձանագրել այդ խախտումները և նամակով ուղարկել ինձ: Մենք կուսումնասիրենք դրանք և անպայման հետամուտ կլինենք, որպեսզի խախտումները վերացվեն և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ անկախ նրանից, թե ով է խախտում կատարողը>,- ասել է նա։