Արմինֆո.Չեռնոգորիայի առողջապահության նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնցից թույլատրված է հունիսի 1-ից քաղաքացիների մուտքը:
Աղբյուրի համաձայն ՝ ցուցակում տեղ են գտել Եվրամիության, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի երկրները, ինչպես նաեւ Չինաստանը, ընդամենը՝ 100-ից ավելի պետություններ: Հայաստանի հարևաններից ցուցակում են հայտնվել Վրաստանն ու Ադրբեջանը։ ԵԱՏՄ-գծով Հայաստանի գործընկերներից ցուցակում հայտնվել է միայն Ղրղզստանը։
Ինչպես նշել են Չեռնոգորիայի կառավարությունում, միջոցների մեղմացման մասին որոշումն ընդունվել է Եվրամիության հանձնարարականների հիման վրա: Մասնավորապես, մուտքը թույլատրված է այն երկրներից, որտեղ արձանագրում են կորոնավիրուսի տարածման զգալի դանդաղում, նոր դեպքերի թվի նվազում, ինչպես նաեւ, որտեղ ակտիվ հիվանդների թիվը 25-ից ոչ ավելի է 100 հազար բնակչության հաշվով:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Չեռնոգորիան Եվրոպայի երկրներից առաջինն է հայտարարել իր տարածքում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի բացակայության մասին։ Մայիսի 20-ից Չեռնոգորիայում սկսվել է Պոդգորիցայի եւ Տիվատի միջազգային օդանավակայանների աշխատանքի վերականգնման առաջին փուլը:
Ի սկզբանե՝ Չեռնոգորիայում նախատեսվում էր թույլատրել մուտք գործել միայն Խորվաթիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Չեխիայից, Հունգարիայից, Ալբանիայից եւ Հունաստանից ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեռնոգորիան պատրաստվում է հուլիսի 1-ից վերսկսել զբոսաշրջային սեզոնը: