Արմինֆո. 2020թվվականի մայիսի 31-ին ավարտվել է 2016թ. հունիսի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության Կառավարության միջև քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին»
փոխըմբռնման հուշագրի ժամանակավոր կասեցման ժամկետը, և 2020թ․հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ԻԻՀ քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստանի Հանրապետություն: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում:
«Միաժամանակ ՀՀ ԱԳՆ հիշեցնում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմը սահմանված է մինչև 2020թ․ հունիսի 13-ը, հետևաբար դրանով պայմանավորված անձանց ՀՀ տարածք մուտքի և ՀՀ տարածքից ելքի սահմանափակումները կպահպանվեն մինչև արտակարգ դրության ռեժիմի ավարտը: ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Իրանի Իսլամական Հանրապետություն այցելություն ծրագարել միայն խիստ անհետաձգելի դեպքերում», - ասվում է հաղորդագրությունում:
Հավելենք, որ հունիսի 1-ի տվյալներով՝ Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 154 հազար 445-ի, ընդ որում՝ 121 հազար 4 ապաքինված, մահվան ելքերի թիվը՝ 7878, վերջին մեկ օրում մահացել է 81 մարդ։ Կորոնավիրուսով հիվանդներից 2578-ը գտնվում են ծանր վիճակում։
Հունիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է ևս 16 հիվանդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 9492 դեպք, ապաքինվել է 3402 մարդ, մահացել է 139-ը: Հայաստանում, ընդհանուր առմամբ, անցկացվել է կորոնավիրուսի 58668 թեստ: