Արմինֆո. Հայաստանի Ազգային ժողովը հունիսի 1-ի նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է կատարել <Ոստիկանության մասին> և <Ոստիկանական ծառայության մասին> ՀՀ օրենքներում։
Ինչպես ավելի վաղ իր ելույթում նշել է արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ներկայացված փաթեթը բխում է ՀՀ կառավարության կողմից ապրիլի 23-ին հաստատված ոստիկանության համակարգի բարեփոխման ռազմավարությունից և 2020-2023թթ. միջոցառումների ծրագրից:
Բարեփոխումների առաջին փաթեթի շրջանակում նախատեսվում է ստեղծել պարեկային ծառայություն, որը կտարբերվի Ճանապարհային ոստիկանությունից և պարեկապահակային ծառայությունից: Պարեկային ծառայության առաջնահերթ խնդիրը լինելու է հասարակական կարգի պահպանումը, հանցագործությունների կանխումը և դրանց բացահայտմանը նպաստելը, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերի կազմումը: Ծառայությունը ձևավորելիս կանցկացվի բաց մրցույթ։
Մինչեւ համապատասխան պաշտոնին նշանակվելը բոլոր թեկնածուները պետք է անցնեն 5-ամսյա հատուկ կրթական ծրագիր: Պարեկային ծառայությունը սկզբում կգործարկվի Երեւանում, ինչպես սպասվում է, դա տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում: Մեկ տարի անց՝ 2022 թվականի առաջին եռամսյակում, այն պետք է ներդրվի նաեւ երկրի մարզերում։
Նրա խոսքով՝ ծառայության փուլային գործարկումը կախված է դրա աստիճանական համալրումից։ Օրինակ, Երևանում սկզբում պարեկային ծառայությունում 700 աշխատակից կլինի, սակայն նրանց թիվը կարող է աճել։ Բացի այդ, իշխանությունները կկարողանան գնահատել նոր ծառայության որակն ու արդյունավետությունը՝ մինչև դրա ներդրումը երկրի տարածքում։ Արդարադատության նախարարությունն ու ոստիկանությունն արդեն շուրջ 2 տասնյակ ակտ են պատրաստել ծառայության աշխատանքի, այդ թվում՝ տեխնիկական հագեցվածության հետ կապված բոլոր հարցերը կարգավորելու համար: Պարեկային ծառայության աշխատակիցները կրելու են բոլորովին նոր համազգեստ, հագեցված են ժամանակակից ավտոմեքենաներով և տեխնիկական միջոցներով: Այս հարցում ֆինանսական աջակցությունը, այդ թվում հանդերձավորման և հատուկ ավտոտրանսպորտային միջոցների հարցում, կցուցաբերեն ԵՄ-ն և ԱՄՆ-ն։ Զուգահեռաբար նախատեսվում է նաև օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում։