Արմինֆո. Հայաստանում գործում է COVID-19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող կայք։ Այդ մասին ասվում է The Guardian հեղինակավոր պարբերականի "US government is funding website spreading Covid-19 disinformation" ("ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածող կայքը) հոդվածում։
Հրապարակման համաձայն՝ խոսքը վերաբերում է www.medmedia.am պորտալին, որն ստեղծվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհի օգնությամբ եւ նախատեսված է ժողովրդավարության առաջխաղացման համար։ "Սակայն, դրա փոխարեն, բրիտանական openDemocracy լրատվական կայքի հետաքննության համաձայն, այն օգտագործվել է COVID-19-ի մասին կեղծ տեղեկություն տարածելու համար: Medmedia-ի առավել ժողովրդականություն վայելող հոդվածների թվում կան հրապարակումներ, որոնցում COVID - 19-ը կոչվում է "արհեստական համավարակ", ինչպես նաեւ կեղծ հաղորդումներ այն մասին, որ դիահերձարանում մահացած հիվանդի ընտանիքին առաջարկվել է հարյուրավոր դոլարներ վճարել, եթե նրանք հայտարարեն, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի հետեւանքով", - նշում է The Guardian-ը: Ընդգծվում է, որ պորտալը ապատեղեկատվություն է տարածում կորոնավիրուսի համավարակի մասին, ներառյալ նախազգուշացումները, որ հայերը պետք է "հրաժարվեն" պատվաստման հետագա ծրագրերից:
"ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհը տրամադրվել է Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային, որն իր կայքը գործարկել է անցյալ տարի. այն գլխավորում է սկանդալային բժիշկ Գեւորգ Գրիգորյանը: Նա հայտնի է Առողջապահության նախարարության և պատվաստումների ծրագրերի խիստ քննադատությամբ, ինչպես նաև ունի հակա-ԼԳԲՏ հայտարարությունների պատմություն, այդ թվում ՝ 2014-ին Facebook-ում հրապարակված դիտողությունները, որոնցում նա կոչ էր անում այրել համասեռամոլներին։ Գրիգորյանը, ով պնդում էր, որ ինքը դեմ չէ պատվաստմանը, միավորվել է հայտնի լրագրող-փաստաբանի հետ, եւ նրանք երկուսն էլ, ինչպես հաղորդվել է, կապված են ուլտրաաջ "վետո" կուսակցության հետ, այսպես կոչված, հասարակական խումբ ստեղծելու նպատաաակով՝ կորոնավիրուսի բռնկմանը ՀՀ կառավարության արձագանքի մասին փաստեր հաստատելու նպատակով: Այս շաբաթ Facebook-ում խմբի պաշտոնական էջը պնդում էր, որ ՀՀ կառավարությունը ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, "ամբողջությամբ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը": Գրիգորյանը հայտարարել է, որ ինքը որևէ կոնկրետ քաղաքական կուսակցության հետ կապ չունի և հերքում է, որ medmedia-ն կամ փաստերի հաստատման վերը նշված նախագիծը կառավարության դեմ ուղղված քաղաքական ճակատներ են", - ասվում է հոդվածում։
Նյութի հեղինակները նշում են, որ Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել տրված դրամաշնորհի չափի կամ դրա քննարկման գործընթացի վերաբերյալ հարցերը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ ժողովրդավարության հանձնաժողովի Փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում մինչեւ 50 հազար դոլարի չափով դրամաշնորհները մրցութային կարգով շնորհվում են տեղական ՀԿ-ներին եւ նախատեսված են այնպիսի հարցերի լուծման համար, ինչպես՝ կառավարման թափանցիկություն եւ հաշվետվողականություն, մարդու իրավունքների առաջխաղացում, կոռուպցիայի վերացում եւ տնտեսական աճի ու զարգացման բարձրացում: "Սակայն opendemocracy - ի հետաքննությունը ցույց է տվել, որ, չնայած Medmedia-ն հրապարակել է որոշ լրատվական հոդվածներ, կարծիքների մասին նրա հոդվածների մեծ մասը կեղծ տեղեկություններ տարածող Facebook-ի գրառումների վերահրատարակումն է", - նշվում Է նյութում:
Գրիգորյանը The Guardian-ին հաղորդել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կապվել է իր հետ՝ կայքում հրապարակված հոդվածների վերաբերյալ "մտահոգության" առնչությամբ, սակայն, նրա խոսքով, ինքը "կարողացել է պատասխանել բոլոր հարցերին, եւ այդ մտավախությունները փարատվել են", իսկ բուն կայքը "պատվաստանյութերի դեմ պայքարի ֆորում չէ": Խոսելով կոնկրետ հոդվածների մասին՝ Գրիգորյանը հայտարարել է, որ չի կիսում դրանցում արտահայտված կարծիքները, սակայն դրանք չեն հեռացվի, քանի որ դրանք, ըստ նրա, ֆեյք-նորություններ չեն։