Արմինֆո. Մեր հանձնաժողովի աշխատանքները հարցաքննվող վկաների հետ հանդիպումների շրջանակներում կավարտվեն մինչև ընթացիկ ամսվա վերջը, որից հետո մենք ձեռնամուխ կլինենք հավաքված նյութերի մշակմանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։
<Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ուղղվելիք հարցերը գրեթե պատրաստ են ։ Մենք սպասում ենք նրա այցին խորհրդարան, ինչպես և Յուրի Խաչատուրովի այցին։ Համոզված եմ, որ Խաչատուրովն ինքը ցանկություն կհայտնի անձամբ գալ մեր հանձնաժողով ։ Ես չեմ կարծում, որ մեր հանձնաժողովը, որտեղ քննվում են մեր տղաներին ու մեր բանակին վերաբերող հարցերը, այն վայրն է, որտեղ կարելի է չգալ ։ Բոլորը պետք է աջակցեն պարզել իրողությունը>, - համոզված է հանձնաժողովի անդամը։
Նրա խոսքով ՝ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը կախված է բոլոր հրավիրվածների պատասխաններից ՝ առանց բացառության ։ Ամեն հաջորդ հյուրի հետ հանձնաժողովը նոր հարցեր է ունենում, կամ հակառակն՝ ստանում բազում հարցերի պատասխաններ։ Պողոսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն իր աշխատանքի առաջին փուլը կավարտի Արցախում մի քանի հանդիպումներից հետո:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանձնաժողովի աշխատանքի համար բարդություն չի ստեղծում արտակարգ դրության ռեժիմը, եւ արդյոք այդ աշխատանքը չի հակասում այդ ռեժիմին՝ Պողոսյանը նշել է, որ հանձնաժողովը, ինչպես եւ ողջ խորհրդարանը, շարունակում է աշխատանքը սովորական ռեժիմով: Ավելին, արտահերթ նիստեր է անցկացնում։ <Մենք անում ենք մեր աշխատանքը ։ Եվ կարծում եմ, որ հենց այս իրավիճակում շատ կարևոր է, որ մեզանից յուրաքանչյուրն իր գործն անի, կատարի իր պարտականությունները> - ամփոփել է խորհրդարանականը։
Ավելի քան 100 զինծառայողների մահվան պատճառ դարձած հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2019 թվականին։ Վերջինիս կազմում են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Յուրի Խաչատուրովը հրաժարվել է ներկայանալ հանձնաժողով: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի հարցերին կպատասխանի ապրիլի 16-ին: