Արմինֆո.Արցախում կորոնավիրուսի եւս երկու դեպք է բացահայտվել: Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը հասել Է երեքի։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, Արցախում այսօր կորոնավիրուսի թեստ անցած երեք քաղաքացիներից երկուսի մոտ արդյունքը դրական է: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից ինքնամեկուսացվել էր: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Նա եւս, մինչ թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, եւ առաջիկայում կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն:
Հաշվի առնելով հանգամանքը, որ կորոնավիրուսով առաջին արցախցի հիվանդը մարտի 31-ին մասնակցել է համապետական ընտրություններին, այն համայնքում, որտեղ գտնվում էր այդ ընտրատեղամասը, արդեն մի քանի օր է ՝ ուժեղացված ծառայություն են իրականացնում ԱՀ ԱՆ "համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն" ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ համայնքի բնակիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ: