Արմինֆո.Մամուլից տեղեկացա, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես ստորագրել է նախորդ շաբաթ օրվանից իմ ներկայացրած հրաժարականի պահանջը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի ավիացիայի հարցերով արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։
<Չգիտեմ, թե ինչու էր աշխատանքից ազատվելս հիմնավորել օրենսդրության ոչինչ չասող հոդվածով: Երբ կարելի էր ընդամենը գրել` «սեփական դիմումի համաձայն»:
Իսկ աշխատանքից ազատվելու իմ որոշման հիմքերը հանդիսանում են Քաղաքացիական Ավիացիայի հանդեպ ցուցաբերվող կործանիչ, քայքայիչ և ապապետական մոտեցումները:
Նախորդ Շաբաթ օրը` Ապրիլի 4-ին ես վարչապետին գրելեմ իմ վերջին զեկույցը, որտեղ հերթական և վերջին անգամ բացատրել եմ- հայկական քաղավիացիայի ԻՐԱԿԱՆ իրավիճակը, առանց ստերի և իրականության աղավաղման; հերթական անգամ պարզաբանել եմ այս վիճակում հայտնվելու իրական պատճառները; և նշել եմ այս ճգնաժամից դուրս գալու ուղիները
Զեկույցում առաջարկել եմ թույլ տալ վերջապես գրագետ, կազմակերպված, և երկիրն ու ոլորտը սիրող, անվարձահատույց աշխատանքի պատրաստ, իրական մասնագետների թիմի հետ լծվել իրավիճակի շտկմանը: Հակառակ դեպքում ընդունել իմ հրաժարականը:
Համաձայն օրենքի, հրաժարականիս պաշտոնական գրավոր դիմումը երկայացրել եմ Երկուշաբթի, Ապրիլի 6-ին: Պաշտոնից հրաժարվելը իմ որոշումն է: Եվ, ինչպես գրել եմ հրաժարականիս պահանջում, ես հրաժարվում եմ տաքուկ տեղ գտած, անհաղորդ խորհուրդներով «խորհրդականի» անպիտան կարգավիճակից: Օրերս մամլո ասուլիսով կպարզաբանեմ մանրամասները>,- գրել է նա։
Նշենք, որ Հակոբ Ճաղարյանը պրոֆեսիոնալ օդաչու է, ով վաղուց աշխատում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում ։ Նրա պաշտոնանկությունը կարելի է կապել քաղավիացիայի ոլորտում վերջին շրջանում սրված խնդիրների հետ, այն է ՝ Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) անբավարար գնահատական է տվել Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) աշխատանքին և արգելել է հայկական ավիաընկերությունների թռիչքները դեպի Եվրոպա ։ ՔԱԳՎ-ում ընդունում են, որ վարչությունն իրականում լուրջ խնդիրներ ունի, ինչի մասին բազմիցս խոսվել է, դրանք առաջացել են ոչ երեկ, և ժամանակ է պահանջվում կառույցի ամբողջական արդիականացման համար։