Հայաստանի
իշխանությունները չեն ցանկանում ադրբեջանցի գործընկերներից հետ մնալ երկրում
քաղբանտարկյալների թվով: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` մեկնաբանելով Շանթ
Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռը:
«Եթե իշխանությունները շարունակեն այնպիիսի
բարեփոխումները, որոնց համաձայն, Շանթ Հարությունյանի նման քաղաքացիները պահվեն
կալանքի տակ, իսկ Սուրիկ Խաչատրյանի նմանները նշանակվեն մարզպետ, ապա շատ շուտով
Հայաստանը կգլորվի ֆեոդալական կարգերի շրջան», - նշել է քաղաքական գործիչը: Դրան
դիմակայելու համար, Մարտիրոսյանի կարծիքով, հարկավոր է հասարակության բոլոր
շերտերի համախմբում` կառավարող վարչախմբից շուտափույթ ձերբազատվելու նպատակով:
Նա նշել է, որ դատարանի որոշումն անընդունելի է,
հատկապես` Հարությունյանի որդու` Շահենի մասով: «Յուրաքանչյուր հայր հպարտ կլիներ
այդպիսի որդի ունենալ, ով անհրաժեշտւոթյան դեպքում իրեն պաշտպաներ, հատկապես, եթե
իր որդին գործում է օրենքի և բարոյական նորմերի շրջանակներում», - նշել է
Մարտիրոսյանը: Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին տեղի ունեցած
բախումը Ոստիկանության աշխատակիցների սադրիչ գործողությունների արդյունք է, որոնք,
շրջանցելով օրենքը, քաղաքացիական հագուստով եղել են Շանթ Հարությունյանի
կողմնակիցների մեջ: «Նրանք իրավունք չունեին այնտեղ գտնվել քաղաքացիական
հագուստով, և եթե անգամ օպերատիվ գործունեություն էին իրականացնում, ապա չպետք է
միջամտեին իրավիճակին», - եզրափակել է կուսակցության փոխնախագահը:
Հոկտեմբերի 17-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման, իսկ նրա որդի Շահեն Հարությունյանին` 4 տարվա ազատազրկման՝ պատժի պայմանական չկիրառմամբ: Ավելի խիստ պատժի է դատապարտվել Վահե Մկրտչյանը` 7 տարի ազատազրկման: Այդ գործով
մյուս ամբաստանյալներից Ալբերտ Մարգարյանը դատապարտվել է 6 տարի ազատազրկման, Սևակ Մնացականյանը` 5,5 տարի ազատազրկման, պահեստի գնդապետ Վարդան
Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Ավետիս Ավետյանը դատապարվել են 5 տարի
ազատազրկման, Հայկ Հարությունյանը` 4,5 տարի ազատազրկման, Ալեքս Պողոսյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը` 4 տարի ազատազրկման, Արմեն Հովհաննիսյանը, ով 20 տարի ծառայել է հայոց բանակում, դատապարտվել է 2 տարի ազատազրկման, իսկ Տիգրան Պետրոսյանի համար սահմանվել է ամենամեղմ պատիժը` 1 տարի ազատազրկում։