Առողջապահության
նախարարությունը հերքել է իբր Երևանում հայտնաբերված խոլերայի դեպքերի վերաբերյալ Էլեկտրոնային լրատվամիջոցներում
տեղ գտած տեղեկատվությունը:
Նախարարության պաշտոնական
կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, իրականությանը չեն համապատասխանում հաղորդումներն այն մասին, թե իբր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 97 հասցեում կոյուղագծի խցանումից ստեղծված հակասանիտարական
վիճակի արդյունքում խոլերայի դեպքեր են արձանագրվել,
և 5 երեխա հոսպիտալացվել
է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ ՀՀ առողջապահության նախարարությունը
պաշտոնապես հերքում է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում և առհասարակ Երևանում կամ հանրապետությունում
խոլերա հիվանդության որևէ դեպքի առկայությունը, նշվում է հաղորդագրությունում:
Խոլերան սուր, աղիքային անթրոպոնոզ ինֆեկցիոն հիվանդություն է, որը
բնորոշվում է ֆեկալ-օռալ փոխանցման մեխանիզմով, ջրային փսխմամբ և լուծով, դեհիդրատացիայի և դեմիներալիզացիայի զարգացմամբ` ընդհուպ հիպովոլեմիկ շոկ և
մահ: