Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող ՙՉեք անցկացնի՚ շարժումը մտադիր է մեծ համաժողով անցկացնել`քաղաքական և հասարակական ուժերի մասնակցությամբ, որի ժամանակ կքննարկվեն հիշյալ բարեփոխումների հակառակորդների հետագա գործողությունները: Այդ մասին ԱրմԻնդո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է շարժման համակարգող Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, համաժողովը տեղի կունենա սեպտեմբերի սկզբին, կհրավիրվեն բոլոր այն գործիչները, կուսակցությունները և հասարակական կազմակերպություները, որոնք հայտարարել են առաջարկված նոր Սահմանադրության նախագծի անընդունելիության մասին: ՙՄենք մտադիր ենք միասնական պլատֆորմ ձևավորել և համատեղ պայքար սկսել իշխանության վերարտադրության ծրագրի դեմ՚,- նշել է նա:
Հովհաննիսյանն ավելացրել է, որ նախաձեռնությունը մտադիր է նաև հանրահավաքներ անցկացնել մարզերում, որոնց ընթացքում կներկայացվեն առաջարկված նախագծում թաքնված սպառնալիքները: ՙԱրդեն աշխատում է իրավաբանների և փաստաբանների խումբը, ովքեր մանրամասն ուսումնասիրում են մասնագիտական հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները և կներկայացնեն բոլոր ռիսկերը՚,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում որոշել է հաստատել Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին: Օգոստոսի 21-ին Սերժ Սարգսյանը խորհրդարան է ուղարկել բարեփոխումների նախագիծը: Նախագահը Սահմանադրության փոփոխությունների նախագծում ամրագրված մոտեցումների շուրջ խորհրդակցություններ է անցկացրել ՙԲարգավաճ Հայաստանի՚, ՙՕրինաց երկրի՚ և ՀՅԴ-ի հետ: Հրավերը մերժել են Հայ ազգային կոնգրեսը և ՙժառանգությունը՚: