Ղարաբաղյան հակամարտության
խաղաղ կարգավորման գործընթացում և, մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի
ղեկավարների փարիզյան հանդիպման ընթացքում բեկումը լիովին կախված է Բաքվի
դիրքորոշումից: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի
խորհրդարանի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա ասելով, հենց Բաքուն է
առ այսօր ապակառուցողական դիրքորոշում դրսևորել ղարաբաղյան հակամարտության խաղաղ
կարգավորման հարցում` արգելակելով բանակցային գործընթացը: «Եթե Բաքուն փոխի իր
դիրքորոշումը, կառուցողականություն դրսևորելով հաշտության բանակցություների գործընթացում,
կարծում եմ, որ կհաջողվի առաջընթաց արձանագրել», - հայտարարել է Շարմազանովը,
ընդգծելով, որ, այնուամենայնիվ, խնդրի վերջնական լուծման չի հաջողվի հասնել` առանց
բանակցություններին Ստեփանակկերտի լիարժեք մասնակցության: «Առանց Ստեփանակերտի,
Ղարաբաղի ժողովրդի կարծիքի` այդ հակամարտությունը չի կարող իր վերջնական լուծումը
գտնել», - ամփոփել է փոխխոսնակը:
Հիշեցնենք,
որ Սարգսյան-Ալիև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին Փարիզում: