Մի քանի ժամ առաջ ՙԷրեբունի՚ հիվանդանոց տեղափոխված` Քաշաթաղում ականի պայթյունի հետևանքով երեք տուժածների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, ներկայումս նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը`ավելացնելով, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Նա հայտնել է, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն ստացել է գլխուղեղի ցնցում, կոտրվել է մատը, և նա միկրովիրաբուժական վիրահատության կարիք ունի: Մյուս տուժածի ոտքն է կոտրվել, շուտով նրան նույնպես կվիրահատեն: Երրորդ հիվանդը վնասվածք է ստացել թոքերի շրջանում: ՙՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում կա անհրաժեշտ բուժանձնակազմ, ժամանակակից սարքավորում և դեղորայք նրանց որակյալ օգնություն ցուցաբերելու համար՚,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի ականապատ տարածքում պայթել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով զոհվել է Խլղաթյանի որդին` Արամը, իսկ ինքը` քաղաքապետը, ևս երկու վիրավորների հետ միասին ուղղաթիռով տեղափոխվել է Երևան: