Սերժ Սարգսյանի հնարավոր քաղաքական ժառանգորդի հարցը Մոսկվայի և Երևանի միջև լուրջ քննարկման առարկա կդառնա: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌՊՀՀ արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը:
«Բնական է, որ քննարկում կընթանա ոչ միայն այդ հարցի շուրջ: Երևանն անհապաղ կբարձրացնի Ռուսաստանի և նրա եվրասիական գործընկերների հետ ինտեգրման իր ձեռքբերումների և ծախսերի հարցերը: Կարծում եմ, որ այստեղ Մոսկվան արդեն չի կարող գլուխն ազատել միայն ընդհանուր արտահայտություններով», - նշել է նա: Վերլուծաբանի կարծիքով, Կրեմլը պետք է ամենայն լրջությամբ վերաբերվի 2017-2018թթ. Հայաստանում կայանալիք ընտրական ցիկլին: Իսկ նախապատրաստումն սկսի նախօրոք, ընդ որում` ինչպես փիար-ակցիաների տեսքով, այնպես էլ ռազմավարական առումով` նկատի ունենալով ոչ միայն գործող իշխանությունը:
Մարկեդոնովն այդ առնչությամբ կենսական անհրաժեշտություն է համարում առարկայական շփումը հանրապետության բոլոր քաղաքական միավորումների, ոչ կառավարական, երիտասարդական կառույցների հետ: Վերլուծաբանը կարծում է, որ Ռուսաստանը պետք է հրաժարվի Հայաստանի հետ դաշնակցության հաջողությունների մշտական հայտարարագրումից, հաշվի առնելով, որ Անդրկովկասի իրավիճակը դեռ երբեք այս աստիճանի կախված չի եղել արտաքին ֆոնային գործոններից: Նրա գնահատմամբ, շատ բանով հենց Դոնբասում է վճռվում հին հակամարտությունների ճակատագիրը, հետխորհրդային տարածքի ինտեգրացիոն նախագծերի հեռանկարը: «Այդ առնչությամբ Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների անհարթությունների վերացման հետ միասին Մոսկվայի համար չափազանց կարևոր է դրական դինամիկան Ուկրաինայում` թեկուզ Լուգանսկի և Դոնեցկի մարզերի շուրջ հակամարտության տևական «սառեցման» միջոցով», - համոզված է նա: