ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից հաջողվեց խուսափել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհիվ:
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումը կարող է հանգեցնել «շատ մեծ պատերազմի Կովկասում», հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա հավաստմամբ, Լեռնային Ղարաբաղում շարունակվում են կրակոցները, այդ թվում նաև՝ ծանր սպառազինության կիրառմամբ: Այդուհանդերձ, Բորդյուժան, փաստորեն, խուսափել է պատասխանել այն հարցին, թե հակամարտության զարգացման որ դեպքում ՀԱՊԿ ռազմական կառույցները կարող են միջամտել իրավիճակին: «Մենք բոլորս՝ Հայաստանի հարևաններն ու կազմակերպության անդամները, պետք է նրան ցուցաբերենք քաղաքական աջակցություն: Եվ երկրորդ՝ պետք է թույլ չտանք այդ հակամարտության սրացում, որն առկա է: Եթե տեղի ունենա կրկնություն, և վրա հասնի այնպիսի ժամանակաշրջան, երբ մենք տեսնենք ակտիվ ու ուղիղ զինված դիմակայություն, ապա դա կպայթեցնի ողջ Կովկասը», - հայտարարել է Բորդյուժան` օտարերկրյա լրագրողների ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը պատասխանելով BBC-ի հարցին: Այժմ գլխավորը տարածաշրջանում խաղաղության ապահովումն է, «հակառակ դեպքում Կովկասում կլինի շատ մեծ պատերազմ», հավելել է Նիկոլայ Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոստովանել է, որ կազմակերպության կանոնադրության համաձայն, պայմանագրի անդամ յուրաքանչյուր երկրի դեմ ագրեսիա դիտարկվում է որպես ագրեսիա բոլոր պետությունների դեմ, սակայն հասկացրել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող դիտարկվել որպես ագրեսիա Հայաստանի դեմ: Բորդյուժայի հավաստմամբ, Հայաստանը ռազմական օգնության խնդրանքով չի էլ դիմել ՀԱՊԿ-ին:
«Հայաստանը, մեծ հաշվով, չի գործարկել իր ունեցած ներուժի մեծ մասը: Ինչպես ասում են նրա ղեկավարները, այդ պատերազմում գործարկվել են շփման գծի առաջին և երկրորդ էշելոնների ստորաբաժանումները` և ոչ ավելին: Այդ պատճառով էլ մենք չենք ստացել որևէ խնդրանք», - հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը: