Չնայած այն հանգամանքին, որ կրոնի ազատությունը պաշտպանված է Հայաստանի Սահմանադրությամբ, այդուհանդերձ, որոշ օրենքներ այն սահմանափակում են, ասվում է կրոնի ազատության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում:
Փաստաթղթում նշվում է, թե 2013 թվականին
արձանագրվել են դեպքեր, երբ խոչընդոտներ են հարուցվել
կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հավաքատեղիների շինարարության
ճանապարհին, իսկ նրանց երեխաներն անբարյացակամ վերաբերմունքի են արժանացել
ուսումնական հաստատություններում:
Այդուհանդերձ, զեկույցի հեղինակները նշում
են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես, հանրապետության զինված ուժերում
այլընտրանքային զինվորական ծառայության
ժամկետի կրճատումը, ինչպես նաև «Եհովայի վկաների» ներկայացուցիչներին ազատումը,
ովքեր ավելի վաղ հրաժարվել էին բանակում ծառայությունից: Փաստաթղթում
նաև նշվում է, որ Հայաստանի բնակչության 92 տոկոսը ՀԱԵ հետևորդներ են, 5 տոկոսը`
այլ կրոններ են դավանում:
Այնուհետև
նշվում է, որ կրոնական կազմակերպությունների պաշտոնական գրանցումը Հայաստանում բավականին
բարդ է, և գործելու իրավունք ունեն միայն պաշտոնապես գնանցված հոսանքները:
Չգրանցված կազմակերպություններին չի թույլատրվում հեռուստառադիոհաղորդումներ
ունենալ և 1000 օրինակից ավելի տպաքանակով թերթեր հրատարակել:
Քննադատությունից
զերծ չեն մնացել հայկական ԶԼՄ-ները: Զեկույցում նշվում է, որ հայկական ԶԼՄ-ները կանխակալ վերաբերմունք են դրսևորում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ` նրանց ներկայացնելով որպես լրտեսներ կամ
հանցագործներ: