Անկարան փորձում է ճնշում գործադրել Բեռլինի վրա հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի շուրջ քննարկումների նախաշեմին:
Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը նախօրեին հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ Բունդեսթագը կհրաժարվի ընդունել 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևը:
ՙՈչ ոք նման հարցերում խորհրդարանների կարծիքը հաշվի չի առնի: Չեմ կարծում, որ Բունդեսթագը կցանկանա փչացնել թուրք-գերմանական հարաբերությունները: Խորհրդարանները չպետք է զբաղվեն պատմության քաղաքականացմամբ և պատմական իրադարձությունները ՙմութ հաշվարկների՚ համար օգտագործմամբ՚,- հայտարարել է Քուրթուլմուշը: Նրա խոսքով, եթե Բունդեսթագն ընդունի բանաձևը, այն Անկարայի համար «սովորական թղթի կտոր՚ կլինի:
Գերմանիայում Թուրքիայի նախկին դեսպան Օնուր Օյմենն ԱՊԱ-ին հարցազրույցում հայտարարել է, որ Գերմանիան լուրջ սխալ կգործի, եթե ընդունի Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը:
ՙՕրենքի ընդունումը կվնասի Թուրքիա-Գերմանիա հարաբերությունններին: Գերմանիայի կողմից ցեղասպանության մասին օրենքի ընդունումը որևէ նշանակություն մեզ համար չի ունենա: Դրան պատշաճ պատասխան կտրվի՚,- նշել է նա:Այն հարցին, թե ինչ կանի Թուրքիայի կառավարությունը բանաձևի ընդունման դեպքում, Օյմենը հայտարարել է, որ գործողություններ կձեռնարկվեն ոչ թե թուրքական կառավարության և խորհրդարանի, այլ՝ Թուրքիայի ժողովրդի կողմից:
Հիշեցնենք, որ 2015 թ. ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկում է անցկացվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ: Քննարկումը նախաձեռնել էին Ձախ սոցիալիստական կուսակցությունը և Կանաչների կուսակցությունը: Նախագիծը նախապատրաստել էր «կանաչների՚ առաջնորդ Ջեմ Օզդեմիրը: Սակայն, բանաձևի առնչությամբ քվեարկությունը հետաձգվել էր:
Բունդեսթագում այդ բանաձևի շուրջ հերթական քննարկումը նախատեսված է հունիսի 2-ին: Այս անգամ փաստաթղթի ընդունման առնչությամբ կանխատեսումներն ավելի լավատեսական են: