ԵԱՀԿ գրասենյակի մոտ ակցիա է տեղի ունեցել`Հայաստանում կազմակերպության գործունեությունը դադարեցնելու պահանջով:
Ակցիայի նախաձեռնողները նամակ են փոխանցել գրասենյակին, որում պահանջում են դադարեցնել ԵԱՀԿ գործունեությունը Հայաստանում, քանի որ կազմակերպությունը, նրանց խոսքով, ձևական հայտարարություններ տարածելուց բացի, այլ բանով չի զբաղվում:
Հավաքված քաղաքացիների խոսքով, չնայած այն բանին, որ հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում, և դա արվում է ադրբեջանական կողմից`հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ն ոչինչ չի ձեռնարկում, ձևական հայտարարությունից բացի`լարվածության նվազեցման կոչ անելով կողմերին: Նրանց հավաստմամբ, կազմակերպության նման վարքագիծը միայն խրախուսում է ադրբեջանական կողմի ագրեսիան: Ակցիային մասնակցել է մեկ տասնյակից ավելի մարդ:
Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. ՙՏարեսկզբից սկսված իրավիճակի սրացումը պետք է դադարեցվի` վստահությունը վերականգնելու և ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններում առաջընթաց ապահովելու նպատակով: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին կատարել հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ իր պարտավորությունները, իսկ Հայաստանին` միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։ Բռնությունը խափանում է հանուն խաղաղության գործադրվող ջանքերը՚: