ԱՄՆ
Սենատի արտաքին հարցերի կոմիտեն հավանություն է տվել Ջոն Բասի թեկնածությանը
Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Ամերիկայի
հայկական համագումարից, Բասի թեկնածության շուրջ քննարկման ընթացքում բարձրացվել
են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, Թուրքիայի կողմից Հայաստանի
սահմանի շրջափակման, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերը:
Անդրադառնալով Հայաստանի սահմանների շրջափակման հարցին`
Բասը, մասնավորապես, ընդգծել է, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր
հաստատման դեպքում հայ-թուրքական սահմանի բացման հարցն առանցքային կդառնա իր
դիվանագիտական օրակարգում:
Պատասխանելով սենատոր Մենենդեսի այն հարցին, թե
թեկնածուն ինչպես է բնորոշում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի
ունեցած իրադարձությունները և արդյոք մտադիր է մասնակցել Հայոց ցեասպանության
100-ամյա տարելիցի միջոցառումներին, Բասը նշել է. «ԱՄՆ կառավարությունն Օսմանյան
կայսրությունում 1,5 մլն հայերի սպանությունն ու բռնի տեղահանությունը ճանաչում է
որպես պատմական փաստ և ողբերգություն: Իմ նշանակման դեպքում ես կշարունակեմ
մասնակցել այդ իրադարձություններին նվիրված հիշատակի միջոցառումներին, մասնավորապես`
100-ամյա տարելիցի նախաշեմին»:
Պատասխանելով Մենենդեսի մեկ այլ հարցին, որ առնչվում էր
Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրական քաղաքականությանը,
դեսպանի պաշտոնի թեկնածուն հնայտարարել է. «Անշուշտ, Թուրքիայի կրոնական
փոքրամասնությունների ներկայացուցիչները բախվում են մարտահրավերների: Իմ նշանակման
դեպքում ես Թուրքիայի իշխանություններին կոչ կանեմ վերադարձնել կրոնական
փոքրամասնություններին պատկանող գույքը, ինչպես նաև դադարեցնել խոչընդնոտներ
հարուցել նրանց կողմից սրբավայրերի կառուցման կամ ձեռք բերման ճանապարհին»:
Ի պատասխան սենատոր Բոքսերի այն հարցի, թե Անկարայի
կողմից Ցեղասպանության հերքումն ինչպես է անդրադարձել հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման վրա, Բասը նշել է. «Հայաստանի հետ
հարաբերությունների լիակատար կարգավորման հասնելու համար Թուրքիան պետք է ճանաչի
իր անցյալը: ԱՄՆ վարչակազմը կպաշտպանի այդ փաստերի լիակատար, անկեղծ և արդար
ճանաչումը»:
Այնուհետև
դիվանագետը նշել է, որ լավ ծանոթ է 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում
տեղի ունեց ած պատմական իրադարձություններին և այն շրջանի ԱՄՆ քաղաքականությանը:
«Այն ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան
Հենրի Մորգենթաուի և ամերիկյան այլ դիվանագետների հաշվետվություններն այդ
ողբերգական իրադարձությունների հաստատումն են: Այդ իրադարձությունների առանձին
ականատեսների պատմածները, պարզապես, սարսափելի են: ԱՄՆ կառավարությունը ճանաչում է
Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանության ու բռի տեղահանության
պատմական փաստը», - եզրափակել է դիվանագետը: