Եթե Անկարան սադրանքներ սկսի թուրք-հայկական սահմանում, չի բացառվում, որ «Էրեբունի» ռուսական օդային ռազմակայանի ինքնաթիռները ներգրավվեն այդ գործընթացում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը` մեկնաբանելով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի մարտունակության ավելացման հնարավորությունը Սիրիայի երկնքում Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24»-ի խոցման միջադեպի առնչությամբ:
«Սակայն ես չեմ կարծում, թե ռուսական ինքնաթիռները կխոցեն թուրքական ինքնաթիռները Թուրքիայի երկնքում: Ստեղծված իրավիճակում դա հակաարդյունավետ կլիներ, ավելին, այդ գործողությունները կնպաստեին, առաջին հերթին, համախմբմանն ընդդեմ Ռուսաստանի, ինչից այսօր Մոսկվան փորձում է խուսափել: Հենց ընդդեմ Ռուսաստանի ՆԱՏՕ-ի համախմբմանն է նպատակաուղղված թուրքական սադրանքը: Ես կարծում եմ, որ կարելի է նոր սադրանքներ ակնկալել Լեռնային Ղարաբաղի գոտում», - նշել է ռուսաստանցի փորձագետը:
Նա ընդսմին հավելել է, թե կա հավանականություն, որ Թուրքիան Ադրբեջանին կդրդի սադրիչ քայլերի, և Հայաստանը պետք է զգոն լինի:
Միևնույն ժամանակ Սուսլովը կարծում է, որ այդ միջադեպից հետո Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ բանակցությունները «Թուրքական հոսքի» նախագծի շուրջ և, հնարավոր է, ընդհանրապես հրաժարվի Թուրքիայով կամ արևմտյան ուղղությամբ դեպի ԵՄ լրացուցիչ ճյուղի կառուցումից:
«Այժմ մենք ունենք դիվերսիֆիկացման և արևելյան ուղղությամբ գազատարի կառուցման մասին մտածելու հնարավորություն: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կկասեցվի Թուրքիայի հետ համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում, հնարավոր է, վերանայվի թուրքական ընկերությունների մասնակցությունը Ռուսաստանի շինարարական շուկայում: Կարծում եմ, Ռուսաստանը, նախևառաջ, կպատասխանի տնտեսական և քաղաքական-դիվանագիտական միջոցներով», - հայտարարել է Սուսլովը:
Ռուսաստանցի փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի գլխավոր խնդիրն է թույլ չտալ, որպեսզի թուրքական սադրանքն աշխատի, չձախողել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Մոսկվա, չվիժեցնել ԻՊ դեմ պայքարի գծով միջազգային կոալիցիայի ընդլայնումը, չձախողել բանակցությունները սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման շուրջ: