Հունիսի 27-ին Բաղրամյան պողոտայում, որտեղ ներկայումս տեղի է ունենում էլեկտրաէներգիայի սակագների դեմ բողոքի ակցիան, հարսանիք են անում: Նորապսակներ Կարինեն ու Դավիթը եկել են պողոտա, քանի որ կազմում են ժողովրդի մասը:
Ակցիայի մասնակիցները նորապսակներին դիմավորեցին ծափերով, ծաղիկներով, ըստ ավանդույթի, կոնֆետներով: Իսկ հարսնացուն դեպի աղջիկների խումբն է նետել ծաղկեփունջ:
Նշենք, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ակցիայի մասնակիցներին ընդունելու և նրանց հուզող հարցերը քննարկելու պատրաստակամություն է հայտնել, սակայն ակտիվիստները մերժել են նախագահին:
Հունիսի 23-ի առավոտյան Ոստիկանությունը, օգտագործելով հատուկ տեխնիկա, մասնավորապես`ջրցան մեքենաներ, ցրել է Երևանում`նախագահական նստավայրի մոտ, անցկացվող նստացույցը: Սակայն, դա չի կանգնեցրել ցուցարարներին: Երեկ ուշ երեկոյան ակցիայի մասնակիցներին են մոտեցել ԱԺ պատգամավորները, ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները: Հատկանշական է, որ Բաղրամյան պողոտայում են գտնվել նաև հանրապետական Սամվել Ֆարմանյանը և ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ԱՄՆ դեսպանությունը և միջազգային տարբեր կազմակերպություններ և օտարեկրյա որոշ դիվանագիտական ներկայացուցչություններ քննադատել են խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության գործողությունները`կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր բերման ենթարկվածներին, հետաքննել բռնության դեպքերը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: