Այսօր ՀՀ կառավարության շենքի մոտ են հավաքվել ՙՆաիրիտ՚ գործարանի աշխատանքից ազատված աշխատողները, ովքեր վարչապետ Հովիկ Աբրահամյանից պահանջում են աշխատավարձի գծով պարտքի վճարման հստակ ժամանակացույց ներկայացնել:
Ակցիայի մասնակիցները մտադիր են մինչև 16:00-ն սպասել վարչապետի հետ հանդիպմանը, որին պատրաստվում են ներկայացնել աշխատավարձի վճարման վերջնաժամկետները: Հակառակ դեպքում նրանք սպառնում են նստացույցեր անցկացնել կառավարության շենքի և նախագահական նստավայրի մոտ:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին կրճատվել է ՙՆաիրիտ Գործարան՚ ՓԲԸ 1700 աշխատակից: Ընդհանուր առմամբ գործարանում 478 աշխատակից է մնացել: Գործարանը պարապուրդի է մատնված 2010 թվականի ապրիլից: ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերը գրավադրվել են Միջպետական բանկի 70 մլն դոլարի վարկի դիմաց, որը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով, 12,5 տոկոս տարեկան տոկոսադրույքով: 2006 թվականին ՙՆաիրիտ՚ գործարանի բաժնետոմսերի 89,999 %-ը վաճառվել էր բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումին: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը պատկանում է 4,496%, ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ին (ներկայում` ՙԳազպրոմ Արմենիա՚)` 3,596%-ը ՙԵրևանի ՋԷԿ՚ ՓԲԸ-ին` 1,907%: