ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ շուկա է դուրս բերել դոլարային պարտատոմսերի հոբելյանական 10-րդ թողարկումը, 2 մլն.դոլար ծավալով: Տարեկան եկամտաբերությունը կազմում է 7%, շրջանառության ժամկետը` 2 տարի: Ինչպես նոյեմբերի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հայտարարել է Արարատբանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, այդ պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը նախատեսվում է ընթացիկ տարվա նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 1-ը: Պարտատոմսերի երկրորդային տեղաբաշխումը բորսայական հարթակում կմեկնարկի 2016 թվականի հունվարի 11-ին և կավարտվի 2017 թվականի դեկտեմբերի 1-ին:
Դ.Հարությունյանն ընդգծել է, որ այս թողարկումը տարբերվում է բաժանորդագրության ավելի սեղմ ժամկետներով, որը կազմում է մեկ շաբաթ, նախորդ թողարկումների` 2-3 շաբաթների փոխարեն, ինչը նույնպես պայմանավորված է շուկայական բարձր պահանջարկով: «Մեկ շաբաթը լիովին բավարար է արժեթղթերի ողջ ծավալն իրացնելու համար, իսկ հավաքված միջոցները կուղղվեն տնտեսության վարկավորմանը, մասնավորապես, ՓՄՁ նախագծերի ֆինանսավորմանը»,-պարզաբանել է նա:
Դ.Հարությունյանն ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է, որ բանկի կորպորատիվ պարտատոմսերի 10-րդ թողարկումն արտարժութային 5-րդ թողարկումն է, իսկ հերթական դոլարային թողարկումը պայմանավորելով արտարժութային թողարկումների նկատմամբ ներդրողների պահպանվող բարձր պահանջարկով: Նա պարզաբանել է, որ այս էմիսիայի շրջանակներում կթողարկվի 80 հազար ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս, յուրաքանչյուրը 25 դոլար անվանական արժեքով: Արժեկտրոնային վճարները նախատեսվում են`ըստ եռամսյակների: Շուկայի մասնակիցներին, պարտատոմսերի առք և վաճառքից բացի, հնարավորություն կընձեռվի կնքել ՌԵՊՈ-գործարքներ: Նշված արժեթղթերն առաջին տեղաբաշխման ընթացքում կարելի է ձեռք բերել գլխամասային գրասենյակում կամ թողարկող-բանկի ցանկացած մասնաճյուղում: Դ.Հարությունյանը տեղեկացրել է, որ 2015 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերով արդեն կատարվել է 118 գործարք, 704 մլն.դրամ ծավալով:
«Բանկի պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ, հանդիսանալով Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի օպերատոր, ունի իր հաճախորդների համար անձնական հաշիվներ բացելու հնարավորություն, ինչը զգալիորեն կրճատում է արժեթղթերի առք և վաճառքի ժամանակը»,-նկատել է Դ.Հարությունյանը:
Հիշեցնենք, որ 2007 թվականին ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ առաջին անգամ կորպորատիվ պարտատոմսերի շուկա էր դուրս եկել 250 մլն դրամ ծավալով: Առաջին թողարկման տարկան տարեկան եկամտաբերությունը կազմեց 8%, շրջանառությնա ժամկետը`1 տարի: Երկրորդ թողարկման շրջանակներում թողարկման ծավալը կազմեց 400 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 9%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Երրորդ թողարկման ծավալը կազմեց 250 մլն դրամ, տարեկան եկամտաբերությունը` 10%, շրջանառության ժամկետը` 1.5 տարի: Չորրորդ թողարկման ծավալը` 250 մլն դրամ, եկամտաբերությունը` 12%: Հինգերորդ թողարկումն արտարժույթով էր (2012 թ.), որի ծավալը կազմեց 1 մլն դոլար, եկամտաբերությունը`9%: Վեցերորդ թողարկումը (2013), բանկը թողարկեց արտարժույթով, $ 1 մլն.ծավալով, 3 տարի ժամկետով, եկամտաբերությունը` 8.5%: Յոթերորդ թողարկումը (2013), թողարկվեց 400 մլն դրամ ծավալով, շրջանառության ժամկետը` 3 տարի, տարեկան եկամտաբերությունը`13%: Ութերորդ թողարկումն արտարժութային էր, ծավալը` $ 1 մլն, շրջանառության ժամկետը` 4 տարի, եկամտաբերությունը` 8%: Ներկայումս բորսայում շրջանառվում են ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հինգերորդ, վեցերորդ և ութերորդ արտարժութային թողարկումների և յոթերորդ դրամային թողարկման պարտատոմսերը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվները 2015 թ. հոկտեմբերի 1-ին կազմել են 125.8 մլրդ.դրամ (տարեկան աճը` 11.3%): Դրանց կառուցվածքում արժեթղթերին ուղղված ներդրումները կազմել են ավելի քան 9% կամ 11.4 մլրդ.դրամ: Բանկի պարտավորությունները նույն օրվա դրությամբ կազմել են 103.4 մլրդ դրամ, տարեկան անճը` 13,6%, իսկ ընդհանուր կապիտալը` 22.3 մլրդ.դրամ, տարեկան աճը` 1.7%: 2015 թվականի առաջին 9 ամիսները բանկը եզրափակել է 888.3 մլն դրամ զուտ շահույթով, տարեկան անկումը` 57.6%: 2015-ի 9 ամիսներին բանկի ROA և ROE ցուցանիշները համապատասխանաբար կազմել են`0.9% և 5.6%, տեղ զբաղեցնելով առաջատարների տասնյակում: Ըստ վերջին տվյալների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի մեծամասնական բաժնետերերն են` «Ֆլեշ» ընկերությունը` 64.24%, ՎԶԵԲ-ը`25%+1 բաժնետոմս և բելգիական Rural Impulse Fund II-ը`10%: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 30.09.2015 թ. կազմել է 473.71 դրամ/դոլար: