Իրավիճակի ռազմական սրման վտանգ միշտ կա, և պայմանավորված է այն ոչ թե նախօրոք ծրագրված որոշումներով, այլ՝ կախված է իրավիճակից: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով թուրքական զինված ուժերի կողմից Սիրիայի երկնակամարում ռուսական ռազմական ինքնաթիռ խփելու վերաբերյալ տեղեկատվությունը և միջադեպի հնարավոր հետևանքները:
Նրա խոսքով, իրավիճակի ռազմական սրման վտանգն իրական է ոչ միան թուրքական և ռուսական զինված ուժերի, այլ նաև ամերիկյան զինված ուժերի և ՙԻսլամական պետություն՚ խմբավորման դեմ պայքարող այլ դաշնակից ուժերի միջև: Ինչպես նշել է փորձագետը, Հայաստանի ռուսական ռազմակայանը կարող է օգտագործվել՝ Սիրիայում ռուսական օդուժի գործողություններին աջակցելու նպատակով: ՙՀնարավոր չէ միանշանակ պնդել, որ դա վատ է երկրի համար: Ընդհակառակը, դա կարող է կարևոր լինել Հայաստանի նշանակությունը ցույց տալու համատեքստում՚,- ասել է նա:
Նշենք, որ ՌԴ Պաշտպանության նախարարությունում այսօր հայտարարել են, որ ռուսական Սու-24 ինքնաթիռը ենթադրաբար խոցվել է Սիրիայի և Թուրքիայի սահմանին: Հավաստվում է, որ թռիչքի ամբողջ ընթացքում ինքնաթիռը եղել է Սիրիայի օդային տարածքում, ինչը ՙգրանցել են հսկողության օբյեկտիվ միջոցները՚: Օդաչուներին հաջողվել է ինքնանետվել: ԶԼՄ-ների հաղորդմամբ, նրանցից մեկը ձերբակալվել է: Թուրքիայի գլխավոր շտաբը հայտնել է, որ հարված է հասցվել Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի օդային տարածքը խախտած ինքնաթիռին: Նշվում է, որ ինքնաթիռը հինգ րոպեի ընթացքում տասն անգամ նախազգուշացվել է, այնուհետև վերջինիս թռիչքը կասեցվել է երկու F-16 կործանիչների կողմից: