Կարելի է վստահորեն նշել, որ Արևմուտք-Ռուսաստան գլոբալ բախումից առաջին հերթին ու բոլորից շատ կկորցնի Եվրամիությունը, ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի ղեկավար Մատեուշ Պիսկորսկին:
ՙԱշխարհաքաղաքական վերջին տեղաշարժերի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող ԵՄ-ն ստիպված կլինի Վաշինգտոնի հետ Անդրատլանտյան ազատ առևտրի գոտու վերաբերյալ պայմանագրի ստորագրման գնալ: Եվրոպական տնտեսության համար բացարձակապես անշահավետ այդ պայմանագրի արդյունքում ԵՄ-ն կկորցնի իր միջազգային ազդեցությունը: Այդ պատճառով եվրոպացի շատ քաղաքական գործիչներ, օրինակ`Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը և Զիգմար Գաբրիելը, դեռ չեն կորցրել կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հույսը՚,- նշելէ նա: Պիսկորսկիի համոզմամբ, Եվրոպան հզոր հարված կստանա աշխարհաքաղաքական շախմատի տախտակի վրա, որը կարող է կանխել միայն ռուս-ուկրաինական երկխոսությունը`հակամարտության կողմերի բոլոր փաստարկները հաշվի առնելով:
Ստեղծված իրավիճակում, քաղաքագետի խոսքով, Մոսկվային ուղղակի ստիպում են վերակողմնորոշել տնտեսությունը դեպի Ասիա-Չինաստան: Պիսկորսկիի կարծիքով, դա հղի է յուանի, որով չինացիները կվարկավորեն ռուսական տնտեսությունը և, համապատասխանաբար`չինական տնտեսության նշանակության բարձրացմամբ: ՙԱրդեն հիմա Չինաստանի վերլուծական հանրությունում համոզված են, որ երկիրն աշխարհում առաջին տեղը կգրավի ոչ թե 2040 թվակականին, ինչպես ավելի վաղ նախատեսվում էր, այլ ավելի շուտ: Ըստ որում, ոչ միայն Չինաստանի հետ միության դատապարտված Ռուսաստանի, այլ նաև Եվրոպայի հաշվին, որը նույնիսկ Չինաստանի իրավահավասար գործընկերոջ կարգավիճակ չի ստանա: