Հունիսի 22-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում, ըստ սահմանված կարգի, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը ելույթ է ունեցել խորհրդաժողովի անդամների առջև և պատասխանել նրանց հարցերին։
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան, իհարկե հնարավորությունը բաց չի թողել և հարց է ուղղել ՄԻԵԴ-ի կողմից ՙՉիրագովն ընդդեմ Հայաստանի՚ գործով կայացրած վճռի վերաբերյալ։
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իգոր Ցրնադակը պատասխանել է, որ բացի ադբեջանցի պատգամավորի կողմից նշված ՙՉիրագովն ընդդեմ Հայաստանի՚ գործից, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նաև ՙՍարգսյանն ընդդեմ Ադրբեջանի՚ գործով: Ցրնադակը` նշելով, որ նախարարների կոմիտեն հետևում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծել է, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:
ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի պատասխանը, փաստորեն, հաստատում է, որ անկախ ՄԻԵԴ վերոհիշյալ որոշումից, ղարաբաղյան հիմնախնդրի կագարվորման գործընթացը ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը հունիսի 16-ին հրապարակել է ՙՍարգսյանն ընդդեմ Ադրբեջանի՚ և ՙՉիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՚ գործերով որոշումները։ ՙՍարգսյանն ընդդեմ Ադրբեջանի՚ գործով հրապարակված որոշման համաձայն, Ադրբեջանի իշխանությունները թույլ են տվել սեփականության պաշտպանության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ապահովման իրավունքի խախտում: Նույն օրը քննարկվել է ՙՉիրագովը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության՚ գործը, ըստ որի`համանման որոշում է կայացվել:
Դրանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարությամբ, որում, մասնավորապես, ասվում է, որ ՙդատարանի վճիռը վերջ դրեց Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացման և օկուպացված տարածքներում վերջինիս զինված ուժերի առկայության հերքմանը՚:
ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին ընդգծել է, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի շրջանակներում, կամ հովանու տակ, կամ միջնորդությամբ չէ, որ ընթանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունները։ ՙԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ։ Չիրագովի հայցով կայացված որոշումը վերաբերում է անհատական դատական գործին, որը չի կարող ազդել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի վրա։Ադրբեջանի կողմից վերոհիշյալ որոշման շահարկումը կարող է միայն վնաս հասցնել խաղաղ հանգուցալուծման ջանքերին՚,- ասել է նա: