Տվյալ փուլում կառավարող ՀՀԿ համար թիվ մեկ խնդիրն Էրեբունի վարչական շրջանում ՀՀ ոստիկանության բաժանմունքի ՊՊԾ գնդի շենքի գրավման արդյունքում Երևասնում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորումն է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` հուլիսի 21-ին ՀՀԿ գերագույն մարմնի նիստից հետո կայացած ճեպազրույցում:
ՀՀԿ ներկայացուցիչը տեղի ունեցածը որակել է ողբերգություն, որի արդյունքում զոհվել է ընկերը, զինակիցը, հայ ժողովրդի զավակ և պաշտպան գնդապետ Արթուր Վանոյանը: Շարմազանովը կարեկցանքի և զորակցության խոսքեր է ասել Ոստիկանության զոհված աշխատակցի ընկերներին ու մերձավորներին: «Մեզ հարկավոր չէ նոր արյուն, Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբայրներն են: Կան բազմաթիվ խնդիրներ, սակայն այսօր թիվ մեկ խնդիրը, տվյալ փուլում, հնարավոր բոլոր միջոցներով, բանակցությունների միջոցով իրավիճակի խաղաղ կարգավորման հասնելն է», - հայտարարել է Շարմազանովը: Նրա ասելով, իրավիճակի զարգացման առաջին իսկ օրվանից Հայաստանի ԱԱԾ-ն երկրի հասարակայնությանն ու ԶԼՄ-ներին իրազեկել է իրավապահ մարմինների կողմից իրականացվող միջոցառումների մասին: Նրա հավաստմամբ, ուժային կառույցները հետապնդել են միայն մեկ նպատակ. առանց արյունահեղության, խաղաղ ճանապարհով կարգավորել ստեղծված ծանրագույն իրավիճակը: Մեկնաբանելով երկրի քաղաքական ղեկավարության լռությունը վերջին օրերին` Շարմազանովը նշել է, որ ՀՀԿ անդամների, անձամբ` իր լռությունը պայմանավորված էր բանակցային գործընթացին չխանգարելու ցանկությամբ: «Քանի դեռ ընթանում են բանակցություններ, հարկավոր է ղեկավարվել «Մի վնասիր» սկզբունքով», - եզրափակել է Ազգային ժողովի փոխխոսնակը: