Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զարմանալի շրջադարձից հետո Եվրամիությունն ու Հայաստանն սկսել են ասոցացման շուրջ տապալված համաձայնագրի վերամշակման գործընթացը: Այդպիսի կարծիք է հայտնել Եվրոպական քաղաքականության կենտրոնի (ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի միություն) ղեկավար Սթիվեն Բլոկմանսը` առցանց մամուլի ասուլիսում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Այժմ դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի փրկել այդ համաձայնագիրը` որպես Գործընկերության և համագործակցության շուրջ հնացած համաձայնագրի փոխարինող: Այժմ Վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը և Հայաստանի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառի «Հորիզոն 2020» համաձայնագրի ստորագրումը միակ ակնկալիքն է մայիսի 21-22-ը Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից», - հաղորդել է դիվանագետը:
Նրա ասելով, եՄ-Հայաստան համագործակցության խորհուրդը շարունակում է իր գոյությունը և պլատֆորմ է ծառայում բարձր մակարդակի բանակցությունների համար` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, եվրահանձնակատար Յոհաննես Հանի միջև: Հայաստանը նաև շարունակում է ամենաբարձր քաղաքական մակարդակի մասնակցությունն «Արևելյան գործընկերության» բազմակողմանի ինստիտուտներում:
Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի մասին» նախագծի շրջանակում: