Ապրիլիյան պատերազմում ադրբեջանական զինծառայողների կողմից գլխատված Քյարամ Սլոյանի ընտանիքը հայցով դիմել է Մարդում իրավունքների եվրոպական դատարան, ադրբեջանակն կողմի գործողությունները ռազմական հանցագործություն որակելու նպատակով: Այս մասին հայտարարել է Հայաստանի եզդիների «Սինջար» միության ղեկավար Բորիս Մուրազին:
Նրա խոսքով, Սլոյանի ընտանիքի անդամները, Հայաստանի Օմբուդսմենը, «Սինջար» եզդիական կազմակերպությունը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը հայցով դիմել են ՄԻԵԴ, պահանջելով հայկական զինվորի նկատմամբ իրականացված գործողությունները որակել որպես ռազմական հանցագործություն: Գործին կցվել են անհրաժեշտ բոլոր ապացույցները, նշել է նա, որոնք հրապարակվել էին ադրբեջանական սոցցանցերի օգտատերերի կողմից, այդ թվում նաև Սլոյանի կտրված գլխով լուսանկարները, ինչպես նաև տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական բանակի զինծառայողները ցուցադրում հայկական զինվորի գլուխը գյուղերից մեկում:
Նշենք, որ ապրիլի 1-4-ը տեղի ունեցած ադրեբաջանական ագրեսիայի ընթացքում արձանագրվել են խաղաղ բնակչության իրավունքների ոտնահարումների բազմաթիվ դեպքեր, ինչպես նաև ադրբեջանցիների կողմից հայկական զինծառայողների խոշտանգումներ: Ադրբեջանցի զինծառայողները գազանաբար ականջները կտրել և սպանել են Թալիշ գյուղի երեք խաղաղ բնակիչների` Վալերի Խալափյանին, Ռամելա Խալափյանին և Մարուսյա Խալափյանին: Սոցիալական ցանցերում հայտնվեցին նաև ադրբեջանական զինծառայողների լուսանկարները, հայկական բանակի զինծառայող, 19-ամյա Քյարամ Սլոյանի կտրված գլուխը ձեռքներին: Բացի այդ, Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները, որոնք Լեռնային Ղարաբաղին են փոխանցվել Ադրբեջանի կողմից, ենթարկված են խոշտանգումների: Միևնույն ժամանակ, ագրեսիայի առաջին օրը սպանվեց 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, իսկ երկու երեխա վիրավորվեց: Հայկական կողմն արդեն հայտարարել է, որ նշված փաստերի առնչությամբ պետք է դիմի միջազգային դատարան: ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ որոշ փաստերի առնչությամբ հայցերն արդեն ներկայացվել են, իսկ մյուսների գծով ընթանում է նախապատրաստական աշխատանքներ: Նրա խոսքով, միջազգային կառույցները մասնրամասն տեղեկացված են այդ հանցագործությունների մասին: