Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադարձութունները ցույց տվեցին, որ մտածել հակամարտության լուծման մասին, պահպանելով ստատուս-քվոն, ճիշտ չէ: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Արլեմ Դեզիրը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում:
ՙՀակամարտությունից տասնյակ քաղաքացիական անձինք և զինվորներ են զոհվում: Շտապ պետք է վերականգնվի հրադադարի ռեժիմը, ռազմական բախումները պետք է դադարեցվեն, իսկ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ բանակցային ճանապարհով հակամարտության կարգավորման նպատակով: Կողմերի միջև բացակայում է վստահությունը: Նրանք բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու ցանկություն չունեն՚,- գտնում է Դեզիրը:
ՙԱպրիլի վերջին ես այցելեցի տարածաշրջան, հանդիպումներ ունեցա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ՝ կոչ անելով երկու երկրներին փոխզիջման գնալ: Այդ փոխզիջումների պարամետրերը հայտնի են: Ինչպես ցույց են տալիս նաև Մադրիդյան սկզբունքները, այստեղ մտնում են ուժի չգործադրումը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավոնքի հանդեպ հարգալից վերաբերմունքը՚,- ասել է Դեզիրը: