ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրվելու համար իր փաստաթղթերն է հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով:
Փոստանջյանի թեկնածությունն առաջադրել է ՙՕրինաց երկիրՙ կուսակցության խմբակցությունը: Հանձնաժողով իր փաստաթղթերն է ներկայացրել նաև Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուն՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը: Փետրվարի 12-ին հանձնաժողովի նիստում առաջադրված բոլոր թեկնածուներից ձայների 1\3-ով կընտրվի մեկը, ով կհաստատվի ԱԺ քվեարկության հիման վրա: Մինչև փետրվարի 12-ը օմբուդսմնեի թեկնածության առնչությամբ իր դիրքորոշման հարցում կկողմնորոշվի ՀՅԴ-ն:
Օմբուդսմենի պաշտոնում թեկնածության առաջադրման ժամկետը կավարտվի փետրվարի 9-ին:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի թեկնածությանն աջակցելու իր մտադրության մասին հայտարարել է ՙԼուսավոր Հայաստան՚ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ՕԵԿ–ը և ՙԺառանգություն՚ խմբակցությունը, որն, ի դեպ, ներկայացնում է միայն Փոստանջյանը: Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցի օմբուդսմենի պաշտոնի համար թեկնածուների առաջադրմանը, քանի որ դա ֆարս է համարում, բայց, ինչպես նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իրենք Փոստանջյանի դեմ ոչինչ չունեն: ԲՀԿ-ն օմբուդսմենի պաշտոնում կառաջադրի Մակար Եղիազարյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել հունվարի 13-ին: Արդեն երկար ժամանակ Անդրեասյանի և Հանրապետական կուսակցության որոշ շրջանակների միջև բավականին լարված հարաբերություններ են: Պատճառը, ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, Անդրեասյանի և ՀՀ նախագահի փեսայի՝ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի միջև կոնֆլիկտն է:Համանման իրավիճակ էր նախորդ օմբուդսմեն Արմեն Հարությունյանի ժամանակ, ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՙվատագույն կադր՚ էր անվանել: Դրանից քիչ անց Հարությունյանը հրաժարական տվեց՝ ՙայլ աշխատանքի անցնելու հետ կապված՚: Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նույնպես վաղաժամ լքեց այդ պաշտոնը: