Պեղումներն
Արտաշատում, որտեղ գտնվել է պատմական
Հայաստանի մայրաքաղաքը, կրկին նշանավորվել են հետաքրքիր հայտնագործությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, այս տարի պեղումների
ընթացքում բացվել է մի կառույց, որի պատերին որմնանկարներ են: Արտաշատում նման
կառույց առաջին անգամ է հայտնաբերվել: Որմնանկարների դրվագները բավականին լավ են
պահպանվել, սակայն դրանց պատկերների մասին կարելի է իմանալ միայն վերականգնողական
աշխատանքներից հետո:
Որմնանկարներով
կառույցը վերագրվում է մոտավորապես 1-ին-2-րդ դարերին: «Այդ գտածոն ևս մեկ շտրիխ
է, որը մեզ կօգնի պատկերացում կազմել Հայաստանի հին մայրաքաղաքի շենքերի
ճարտարապետության և ինտերիերի մասին», - նշել է Ավետիսյանը: