ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիեն լուրջ
մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանում քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների առնչությամբ:
«Համանախագահները կողմերին թախանձագին կոչ են արել զոհերից խուսափելու պարտավորություն ստանձնել և կանխամտածված գործողություններ չձեռնարկել գյուղերի և քաղաքացիական բնակչության դեմ: Նրանք արտգործնախարարներին կոչ են արել մեղմացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի պայմաններին», - ասված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունում:
Հուլիսի 22-ին Բրյուսելում միջնորդներն առանձին հանդիպումներ են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպումներին:Ամփոփիչ հայտարարության մեջ ասվում է, որ
արտգործնախարարները և համանախագահները քննարկել են նաև նախագահների մակարդակով հանդիպման հնարավոր օրակարգը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպումների կարևորությունը խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար: Նրանք նաև քննարկել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպումների հնարավորությունները:
«Համանախագահները շարունակում են կողմերի հետ դիտարկել անվտանգության նկատմամբ վստահության ամրապնդման միջոցները և հասարակ քաղաքացիների միջև հանդիպումների ծրագրերը: Նրանք կարծում են, որ նման ծրագրերը
նպաստում են վստահության հաստատմանը, որն անհրաժեշտ է տևական խաղաղության համար», - նաև ասվում է հայտարարությունում: -