Հունիսի 27-ին, վավերացնելու նպատակով, վերստին Ազգային ժողովի օրակարգ է մտցվում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, ըստ որի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այդ մասին ասվում է այսօր «Ժառանգություն» կուսայկցության տարածած հայտարարությունում:
«Այսինքն՝ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի եւ Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում (Հայաստանի եւ Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ) որոշումներն, ըստ էության, կայացնելու է Ռուսաստանը: Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջին փշրանքներն օտար պետության հանձնելու փորձ է, այն էլ՝ այնպիսի պետության, որի կողմից թշնամի Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարի նորագույն հարձակվողական սպառազինությունների մատակարարման արդյունքում Բաքուն համարձակվեց պատերազմական գործողություններ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ պատճառելով մարդկային եւ տարածքային զգալի կորուստներ: Միայն հայ ժողովրդի վճռականության ու հայ զինվորների հերոսական դիմադրության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թշնամու շոշափելի առաջխաղացումը եւ խափանել նրա հեռահար ծրագրերը: Անգամ այս ամենից հետո Ռուսաստանն իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեց, որ շարունակելու է սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Մինչդեռ Հայաստանին ընդամենը 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարումը շարունակաբար ձգձգում է՝ փոխարենը, թեկուզ ոչ պաշտոնապես, պայմանավորվելով այս խայտառակ պայմանագրի կնքմամբ: Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների միասնական հակաօդային պաշտպանության համակարգն ի զորու է չեզոքացնելու Ադրբեջանի առավելությունը՝ ոչնչացնելով նրա օդուժը: Փաստորեն հայկական ՀՕՊ-ի կառավարումը հանձնվում է մի պետության, որը չի կարող դիտարկվել որպես վստահելի դաշնակից, ավելին՝ որեւէ երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգի մասին պայմանագիր ստորագրած Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ը Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով, քանի որ Ռուսաստանը համարում է Արցախն Ադրբեջանի մաս: «Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է այս խայտառակ համաձայնագիրը Ազգային ժողովում վավերացնելու ցանկացած փորձ եւ կոչ է անում ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել Արցախի հայկական հողերի հանձնման դավադիր նախագծի հերթական բաղկացուցիչ մաս կազմող եւ ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը հանդիսացող այս փաստաթղթին», - ասվում է «Ժառանգության» հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի անրտահերթ նիստում նախատեսվում է վավերացնել այդ համաձայնագիրը: Ավելի վաղ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, խորհրդարանում ներկայացնելով նշված համաձայնագիրը, մասնավորապես, համոզմունք էր հայտնել, որ համաձայնագիրը նաև կարևոր է Հայաստանի անվտանգության ապահովման տեսանկյունից: Փոխնախարարը նշել էր, որ համակարգերը տեղակայված են և գործում են, իսկ այդ համաձայնագիրը կոչված է համակարգելու դրանց համատեղ օգտագործումը խաղաղ և պատերազմական պայմաններում: Նրա հավաստմամբ, խաղաղ ժամանակ հայկական կողմն ազատ կլինի այդ համակարգերը կիրառել սեփական հայեցողությամբ, իսկ պատերազմի ժամանակ` համատեղ, սահմանված ծրագրին համապատասխան:
Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլաիմիր Պուտինը կարգադրել էր ստորագրել ՀՀ և ՌԴ միջև հարավային անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր, 2015 թ. հոկտեմբերի 23-ին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության տարածաշրջանային միացյալ համակարգ ստեղծելու վերաբերյալ համաձայնագրին: Փաստաթուղթը ներկայացվել էր ՌԴ նախագահի ստորագրմանը, ով ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու մասին առաջին անգամ հայտարարել էր 2013 թ. նոյեմբերին: Գործնականում, Հայաստանի և Ռուսաստանի ՀՕՊ միասնական համակարգն արդեն գործում է, հաշվի առնելով ռուսական «Ս-300» ՀՕՊ համակարգերի և «ՄԻԳ-29» ինքնաթիռների զուգորդումը Հայաստանի ՀՕՊ համակարգի, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի միացյալ հրամանատարության կառավարման համակարգերի հետ: