Երկրի 2016 թվականի բյուջեի նախագիծը և այնտեղ նախատեսված ՀՆԱ-ի 2.2% աճն առավելագույնս ապահովագրված է ռիսկերից: Այս մասին, պատասխանելով բյուջե-2016-ի իրատեսական աստիճանի վերաբերյալ ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Պետբյուջեի նախագիծը բավականին իրատեսական է»,-հատարարել է նախարարը, նշելով, որ տնտեսական աճը և բյուջեի մուտքերը, հնարավոր է, որ լինեն ավելի բարձր, ինչն էլ ֆիքսված է կառավարության կողմից ներկայացված նախագծում: «Միջազգային կազմակերպոթյունների կանխատեսումներով, արդեն 2017 թվականին համաշխարհային տնտեսությունը կարձանագրի զգալի աճ: Խոստացված աճի նախադրյալներն արդեն երևում են Չինաստանի, ԱՄՆ և ԵՄ տնտեսություններում»,-նշել է Ճշմարիտյանը: Նախարարը չի բացառել նաև այդ երկրների դրական ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա` 2016 և 2017 թվականներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 1-ին հավանություն տվեց 2016 թվականի պետական բյուջեի նախագծին, որով ՀՆԱ աճը 2016 թվականին նախատեսվում է 2.2% ՀՆԱ-ի դեֆլյատորը նախատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը` 4% -ը (+1.5%), իսկ բյուջեի դեֆիցիտը` ՀՆԱ-ի 3.5%: Բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն.373,7 մլրդ դրամ, եկամտային մասը` 1 տրլն.183 մլրդ.դրամ, իսկ դեֆիցիտը`197 մլրդ դրամ: ($ 1 - 472,37 դրամ է): Միևնույն ժամանակ, ըստ Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարները» զեկույցի, Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2016 թվականին կկազմի 2,7%, իսկ 2017-ին`3%: