ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը մասնակցում է Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի 62-րդ նիստին, որն այս անգամ անցնում է Մինսկում մայիսի 20-21-ին:
Նիստի շրջանակներում ՀԿԵ-ն Համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել Բելառուսական երկաթուղու հետ: Համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը կհամագործակցեն երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնման և բեռնաթափման աշխատանքների նոր տեխնոլոգիաների կիրառման, երկաթուղային ենթակառուցվածքի պահպանման ոլորտներում:
Կողմերը պայմանավորվել են համագործակցել նաև Հայաստանի և Բելառուսի ԶԼՄ-ներում համատեղ աշխատանքի լուսաբանման, կադրային ներուժի զարգացման հարցերում: ՙՀԿԵ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է, որ երկու երկրների երկաթուղիները ակտիվ համագործակցում են Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի շրջանակներում: ՙՄենք որոշեցինք համագործակցության նոր ուղիներ ձևավորել և փորձով փոխանակվել: Կարծում եմ, որ դա օգտակար կլինի երկու կողմերի համար՚, - ասել է նա: Մինսկում անցնող նիստի օրակարգով նախատեսվում է քննարկել միջազգային երկաթուղային ուղևորա- և բեռնափոխադրումների կազմակերպման, բեռնատար վագոնների և կոնտեյներների համատեղ օգտագործման, փոխհաշվարկների վարման, միասնական նորմատիվ փաստաթղթերի մշակման հարցեր:
Համագործակից երկրների երկաթուղային տրանսպորտի խորհուրդը ստեղծվել է 1992 թվականի փետրվարի 14-ին՝ միջպետական մակարդակում երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և գործունեության ընդհանուր սկզբունքների մշակման համար: Խորհրդի անդամ են հանդիսանում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը:Բուլղարիան, Վրաստանը, Լատվիան ու Ֆինլանդիան հանդիսանում են կազմակերպության ասոցացված անդամներ, իսկ Լիտվան և Էստոնիան կառույցի աշխատանքներին մասնակցում են պայմանագրերի հիման վրա:Խորհրդի կազմում դիտորդի կարգավիճակ ունեն Երկաթուղայինների և տրանսպորտային շինարարների արհմիությունների միջազգային համադաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղիները:
ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙՌուսական երկաթուղիներ՚ ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով: