Հանքարդյունաբերության ոլորտում EBRD քաղաքականության մասին ԱրմԻնֆո-ի թղթակիցը խնդրել է պատմել բանկի Էկոլոգիայի և կայուն զարգացման դեպարտամենտի նախագծերի գնահատման տնօրեն, դոկտոր Դարիուշ Պրաշեկին
Պրն. Պրաշեկ, մարտի 25-26-ը Երևանում տեղի ունեցել ՙՊատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ՚ միջազգային կոնֆերանսը: Քննարկումների առանցքում լեռնահանքային ընկերությունների պատասխանատվության և թափանցիկության հետ կապված հարցերն էին: Հասարակայնությունը մտավախություններ ունի, որ էկոլոգիայի բնագավառում ազգային օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ եթե համապատասխանում է, չի կատարվում: Ի՞նչ եք մտածում այս առնչությամբ`որպես մասնագետ:
Ազգային էկոլոգիական ստանդարտների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին ժամանակի ընթացքում հանգեցնում է էկոլոգիական ընդհանուր չափորոշիչների ու նորմերի բարելավման: Դա ընդհանուր առմամբ դրական է անդրադառնում հանրապետությունում հանքարդյունաբերության ոլորտում կարգավորման մակարդակի վրա:
Դեռ շա՞տ բան ունենք անելու ստանդարտների առումով:
Օրենսդրության կարգավորման հետ կապված` բոլոր ուղղություններով Հայաստանն արդեն մեծ աշխատանք է կատարել, և ընդհանուր առմամբ ընթանում է միջազգային ստանդարտների կիրառման ուղղությամբ:
Ի՞նչ եք կարծում, ներկայիս կարգավորման և հանքավայրերի շահագործման տեմպերի պայմաններում կարո՞ղ է արդյոք Հայաստանը հետագայում էկոլոգիական աղետի բախվել:
Չեմ կարող ասել բոլոր ծրագրերի համար`կհանգեցնեն դրանք էկոլոգիական աղետի Հայաստանում, թե՞ ոչ: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ այն ծրագրերում, որոնց մասնակցում է բանկը, մենք անպայման հետևում ենք, որպեսզի ծրագրերը կազմվեն միջազգային չափորոշիչներին համապատասխան: Կարող եմ ասել, որ գիտության ներկայիս զարգացումը թույլ է տալիս հանքաքարի արդյունահանման այնպիսի տեխնոլոգիաներ կիրառել, որոնք չեն խախտում բնապահպանական չափանիշները:
Արդյո՞ք EBRD ներկայիս էկոլոգիական պահանջներն ավելի կոշտ են ազգային պահանջներից:
Ոչ, դրանք կարող են տարբեր լինել, չեմ կարող գնահատել, քանի որ Հայաստանն այլևս բանակցություններ չի վարում ԵՄ հետ եվրոպական չափանիշների կիրառման ուղղությամբ:
Կարելի՞ է արդյոք ասել, որ որևէ ընկերության կապիտալում EBRD ներգրավվածությունը այցեքարտ է ներդրումների ներգրավման համար:
Կարող է, բայց պարտադիր չէ: Կարող եմ ասել, որ եթե մենք որևէ ընկերության բաժնետեր ենք, ապա ակնկալում ենք, որ այդ ընկերության գործունեությունը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին: Դա ենթադրում է նաև մեր կողմից պահանջի ներկայացում, որպեսզի ընկերությունը պատրաստ լինի իր մասին տվյալների հրապարակմանը: Մեր ներգրավվածությունը շատ հաճախ նշանակում է, որ ընկերությունը ստիպված է բաց լինել հասարակայնության համար: