Մոսկվայի և Բաքվի «զենքի շուրջ» համագործակցությունը հիմնական գործոն չէ ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության աճի հարցում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշևը, մեկնաբանելով վերջերս Երևանում կայացած մեդիաֆորումում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որում մտահոգություն էր հայտնվում Ադրբեջանին ռուսական սպառազինությունների մատակարարումների առնչությամբ: Նրա ասելով, այդ խնդիրը պետք է լուծվի:
Ըստ Արեշևի, վերջին շաբաթներին սպառազինությունների մատակարարումների թեման սկսել է ավելի հաճախ հնչել, ինչը, ըստ երևույթին, պայմանավորված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջանում սրված իրավիճակով: «Ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն իր նկատառումներն ունի հայկական կողմի նկատմամբ մշտական ճնշում գործադրելու համար, և, ինձ չի թվում, թե «զենքի շուրջ» Մոսկվայի և Բաքվի միջև համագործակցությունն այստեղ հիմնական գործոն է: Այս առնչությամբ կցանկանայի նշել, որ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ Մոսկվայի ռազմատեխնիկական փոխգործակցություն եղել է նաև նախորդ տարիներին, սակայն զոհերի թիվն առաջնագծում կտրուկ ավելացել է վերջին ամիսներին», - նշել է նա:
Քաղաքագետի կարծիքով, առկա հարցերի լուծման հիմնական միջոցը Ռուսաստանի և Հայաստանի միջև համակարգային քաղաքական երկխոսությունն է, այդ թվում` բարձրագույն մակարդակով, ինչպես նաև կառավարությունների, խորհրդարանների, քաղաքացիական հասարակության կառույցների մակարդակով: «Այդ առումով դեռ շատ բան կա անելու, սակայն երկկողմ շփումների աշխուժացումն ակնհայտ է: Եվ, անշուշտ, դա դուր է գալիս ոչ բոլորին», - կարծում է Արեշևը: