ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել երկրի` առանցքային
ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ Արտակարգ իրավիճակների
նախարարությանը (ԱԻՆ), արտակարգ իրավիճակներում տեղեկատվության և տվյալների
անվտանգության կառավարման, ինչպես նաև պետական կարևորագույն ենթակառուցվածքների
անխափան աշխատանքի ապահովման նպատակով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության
մամուլի ծառայությունից, արտակարգ
իրավիճակների նախարարությանը տրվել է դիզելային գերհզոր գեներատոր, որը ծառայելու
է որպես էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր՝ սերվերային տնտեսության
պահուստային կենտրոնի (ՍՊԿ) անխափան էլեկտրասնուցման նպատակով: Ավելի վաղ,
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրել է 50 միլիոն դրամ՝ ՀՀ կառավարության սերվերային
տնտեսության պահուստային կենտրոնի ստեղծման նպատակով: ՍՊԿ-ի ստեղծումն ուղղված է
ճգնաժամային իրավիճակներում կառավարման համակարգերի անվտանգ կենսագործունեության
ապահովմանը: Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղակայված ՍՊԿ-ն ստեղծվել է
խաղաղ ժամանակաշրջանում՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և
պատերազմական ժամանակաշրջանում՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արագ
կազմակերպման, առանցքային տեղեկատվության հուսալի պահպանման, արդյունավետ ու
անվտանգ կիրառման, ինչպես նաև պետական մարմինների պահուստային տեղեկատվական
համակարգերի կենտրոնացման և դրանց շահագործման բարելավման նպատակով:
Որակի,
արդյունավետության, հուսալիության, շրջակա միջավայրի վրա ներգործության
չափորոշիչներին համապատասխանող եռաֆազ «Perkins P440E» 400 վոլտ լարում ապահովող,
գեներատորը կարող է արտադրել ժամում 360 կՎտ հզորության էլեկտրաէներգիա:
«Թե՛ պետական,
թե՛ կոմերցիոն ենթակառուցվածքների համար առաջնային կարևորության հարց է
ճգնաժամային իրավիճակների կանխարգելման և դրանց հակազդման ու կառավարման
համակարգերի լիարժեք պատրաստվածությունը: Դա նաև ենթադրում է անհարժեշտ
սարքավորումների առկայություն: Այդ սարքավորումները կարևոր նշանակություն կարող են
ունենալ հատկապես մեր երկրի համար՝ հաշվի առնելով առկա վտանգները: Այդ է պատճառը,
որ բարձրակարգ սարքավորումներ կիրառող ՎիվաՍել-ՄՏՍ-ն այդպիսի մեկ սարքավորում էլ
տրամադրել է ԱԻՆ-ին՝ ճգնաժամային իրավիճակներում ենթակառուցվածքների աշխատանքի
անխափան ապահովման նպատակով: Մենք ջանք չենք խնայում ճգնաժամային իրավիճակների
կառավարման և կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում պետությանն
օժանդակելու հարցում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ...
Դու կապ ունես:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը
(Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի
ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման
ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության
հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման
օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է
ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը
նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ
երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ
առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային
ստանդարտ):
«Բջջային
Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն
օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում
է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև
Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և
իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան
ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից
«ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: