Մուշում ջնջվում է հայկական հետքը, համոզված է Տարոնի/Մուշի հայերի համերաշխության, սոցիալական և զբոսաշրջության միության նախագահ Հայրեթթին Ասլանը:
Մշո Քալե թաղամասում գտնվող 1600-ամյա հայկական գերեզմանատունն ավերակի է վերածվել` գանձագողերի և բարձիթողի վիճակի հետևանքով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` վկայակոչելով «Դիջլե» լրատվական գարծակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` 1915 թ. առաջ հայերի կողմից հոծ բնակեցված Մուշում էին գտնվում 299 եկեղեցի, 94 վանք, 53 ուխտավայր և 135 դպրոց, որում ուսանում էին 5,669 սաներ: Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ թուրքական պետության գիտակցաբար վարած քաղաքականության միջոցով ցանկանում են սույն շրջանում վերացնել հայկական պատմությունը, Հայրեթթին Ասլանն ընդգծել է, որ ջնջվում է նաև քաղաքի պատմական հիշողությունը: Նրա համոզմամբ, մի ամբողջ ժողովրդի պատմություն կանգնած է վերանալու վտանգին դեմ-հանդիման:
Ասլանը նաև ընդգծել է, որ «հայերի կոտորածից առաջ քրդերն ու հայերը խաղաղ են ապրել այս քաղաքում»: «Եթե ցանկանում ենք խաղաղության, սիրո և հարգանքի մթնոլորտում ապրել, ապա պետք է տեր կանգնեն հայկական պատմությանը», նշել է նա:
Նա նաև հայտնել է, որ այստեղ առկա են նաև այլ հայկական հուշարձաններ, որոնք ևս վերանում են: «1915 թ. առաջ 100 հազար բնակչությամբ մի նահանգ եղած Մուշում լեռնոտ շրջաններում անգամ հայերի կողմից ենթակառուցվածքային համակարգեր էին ստեղծվել: Հիմա հայերի եկեղեցիները, վանքերը, դպրոցներն այնքան են ավիրվել, որ գրեթե վերացման եզրին են: Հարկավոր է, որ պետությունն ու քաղաքացիական-հասարակական կազմակերպությունները նրբազգաց լինեն այս հարցի նկատմամբ: Անհետանում է հազարամյա պատմություն: Եթե սույն կառույցներն ավիրվելու փոխարեն վերանորոգվեն, ապա աշխարհի չորս ծագերից այցելուներ կգան Մուշ, և տնտեսական զարգացման հետ մեկտեղ` կպահպանվի քաղաքի ինքնությունը», - ամփոփել է Ասլանը: