ՙԻսկանդեր-Մ՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, առնվազն տեսանելի ապագայում, Հահաստանին չեն մատակարարվի: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուսաստանցի ռազմական փորձագետ, ՙԱզգային պաշտպանություն՚ ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն:
ՙԻմ փորձագիտական կարծիքի համաձայն, դրա համար չկա մարտավարական, ռազմավարական և, գլխավորը, օպերատիվ անհրաժշտություն: Իսկ 100%-անոց հավաստի, փաստերով հիմնավորված տեղեկատվության համար հարկավոր է դիմել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՚,- ընդգծել է ռազմական փորձագետը:
Ըստ Կորոտչենկոյի, Ռուսաստանի կողմից ռազմական կարիքների համար Հայաստանին տրամադրված $200 մլն վարկն օգտագործվելու է ոչ թե ՙԻսկանդերներ՚, այլ`բացառապես ցամաքային ուժերի գործողությունների համար սպառազինությունների գնման նպատակով:
Մինչդեռ նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությանը մոտ շրջանակների տեղեկատվության համաձայն, այդ վարկը ծախսվելու է Ռուսաստանից ՙԻսկանդեր-Մ՚ օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ գնելու համար: Ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով ՙՌոսօբորոնէքսպորտում՚ աղբյուրները, նույնպես տեղեկատվություն են տարածել Հայաստանին ՙԻսկանդեր-Մ՚-ի մատակարարումների շուրջ հայ-ռուսական բանակցություների վերաբերյալ`նշելով, որ պայմանագիրը դեռ չի ստորագրվել:
ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին 96 ՙկողմ՚ և 1ՙդեմ՚ ձայնով վավերացրել է հայ-ռուսական միջկառավարական համաձայնագիրը, ըստ որի`Ռուսաստանը $200 մլն վարկ կտրամադրի Հայաստանին: Համաձայնագիրն ստորագրվել է հունիսի 26-ին Երևանում` հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: