Շարունակվում են Ռուսաստանից գնված մարտական տեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումներն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, վկայակոչելով պաշտոնական կառավարական աղբյուրներ, մատակարարումներն իրականացվում են Բաքվի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության շուրջ պայմանավորվածությունների հիման վրա: Մասնավորապես, շարունակվում է Ադրբեջանին 120 մմ ինքնագնաց «Վենա» հրետանային զենքերի հանձնման գործընթացը, որոնք զինված են ամենաարդիական սարքավորմամբ:
Միևնույն ժամանակ, ինչպես նախօրեին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, սկսվել են հրթիռահրետանային զորքերի զորավարժություններ, որոնց ընթացքում անձնակազմը կիրականացնի ռուսական արտադրության «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցների գործնական փորձարկումներ, որոնք վերջերս են հանձնվել ադրբեջանական բանակին: Զորավարժություններն ընթանում են ամայի տեղանքում, որը մոտ է մարտական պայմաններին: Զորավարժությունների ընթացքում կատարվում են անօդաչու թռչող սարքերի օգնությամբ պայմանական թիրախների հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքներ: