Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Հայաստանի և Լեռնային
Ղարաբաղի միջև գտնվող սահմանային մաքսակետի գործերին: Ինչպես հաղորդում են
ռուսաստանյան ԶԼՄ-ները, այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում
հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծոռայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը:
Այն հարցին, թե արդյո՞ք լուծված է մաքսայինների
ներկայության հարցը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի վրա, ԵԱՏՄ-ին Երևանի
միանալուց հետո, պաշտոնյան պատասխանել է, որ «առաջիկայում մաքսայինների
ներկայություն չի նախատեսվում»:
Նա հաղորդել է, որ վերջերս Հայաստանում նշանակել է իր
ներկայացուցչին, որը շուտով կժամանի հանրապետություն, կլինի սահմանի վրա, բայց հայ
մաքսայինների աշխատանքներին ռուսաստանյան մաքսայինները չեն խառնվի: «Այսօրվա
հիմնական հարցն աշխատանքային լեզվի հարցն է: «Մաքսային եռյակի» երկրներն
օգտագործում են ռուսերենը, իսկ Հայաստանում օգտագործվում է հայերենը»,-ասել է
Բելյանինովը:
ԵԱՏՄ-ին
Հայաստանի միանալու համատեքստում մաքսակետի հարցն առանձնահատուկ արդիականություն
ձեռք բերեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ինտեգրացիոն այդ կառույցում
Հայաստանին սպասում են առանց Արցախի, այսինքն, սպասում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված
սահմաններում: