Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կքննարկվի ավելի դինամիկ ձևով և կգտնի իր լուծումը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Գասանովը:
Ինչպես հաղորդել է «Թրենդը», Ադրբեջանի նախագահի օգնականի ասելով, Ադրբեջանը միջազգային հարաբերությունների բաղադրիչ մասն է, համաշխարհային քաղաքականության խաղացող, և գոյություն ունեն ՄԱԿ կանոնադրության ու Անվտանգության խորհրդի որոշակի պահանջներ, որոնց նա պետ է հետևի, կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն, նման հակամարտութունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:
«Բայց , միևնույն ժամանակ, կան ՄԱԿ չորս բանաձևեր, որոնց համաձայն, օկուպացված ադրբեջանական տարածքները պետք է ազատվեն: Դա չի կատարվում: Ավելին, 20 տարուց ավելի չեն իրականացվում Լեռնային Ղարաբաղին առնչվող ՄԱԿ չորս բանաձևերը: Դա միջազգային հարաբերություններում տարբեր ստանդարտների առկայության վկայություն է», - համոզմունք է հայտնել Գասանովը:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով ապրիլյան իրադարձություններին, նա նշել է, թե ապրիլի 4-ից սկսած բոլոր միջազգային կազմակերպությունները դիմեցին Ադրբեջանին և Հայաստանին, կոչ անելով դադարեցնել կրակը, և, բնականաբար, նրանք դրա իրավունքն ունեն, քանզի միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որպեսզի հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: «Այդ պատճառով Ադրբեջանն ստիպված դադարեցրեց պատերազմը, և այդ գործում հիմնականը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերն էր: Ադրբեջանը, որպես միջազգային իրավունքի մաս, ստիպված է հետևել միջազգային իրավական նորմերին և միջազգային հանրության պահանջներին: Վիեննայի գործընթացները ցույց տվեցին, որ Ադրբեջանն ավելի հաստատակամ է խոսել համանախագահող երկրների հետ: Ադրբեջանը դրա իրավունքն ունի: Իսկ հայկական կողմն զբաղվել է մյուսների կամքի ուսումնասիրմամբ: Դրսևորվել է ստատուս-քվոն պահպանելու դիրքորոշում` տարբեր եղանակներով և բանակցային գործընթացի հնարքներով ձգձգման ճանապարհով», - ասել է Գասանովը:
Նրա ասելով, համանախագահող երկրներն արդեն վճռական են երկար ժամանակով ստատուս-քվոն չպահպանելու հարցում, և այսուհետև հակամարտությունը կքննարկվի ավելի դինամիկ ձևով և կգտնի իր լուծումը: «Գլխավոր այն է, որ հանդիպումների քանակն ու հաճախականությունն այստեղ հարց չեն լուծում, համանախագահող երկրները, որոնք կազմակերպում են հանդիպումները, պետք է կամք դրսևորեն: Ի՟նչ նկատի ունենք` ասելով կամք: Նրանք պետք է ճնշում գործադրեն Հայաստանի նկատմամբ, նրան ստիպեն լրջորեն մոտենալ հաշտության բանակցությունների գործընթացին», - եզրափակել է Ադրբեջանի նախագահի օգնականը: