Նիկոլայ Բորդյուժան ղարաբաղյան կարգավորման հարցում ՀԱՊԿ-ի դիրքորոշման փոփոխության անհրաժեշտությունը չի տեսնում: Այս մասին նա փետրվարի 12-ին հայտարարել է Մոսկվա-Երևան հեռակամուրջի ընթացքում:
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Կարգավորմամբ զբաղվում են այլ միջազգային կառույցներ, ստեղծված ԵԱՀԿ կողմից, հետևաբար, այդ հարցում մեր դիրքորոշումը փոխելն անիմաստ է»,-նշել է նա, հավելելով, որ կառույցի բոլոր անդամ-երկրները հանդես են գալիս ղարաբաղյան հաամարտության խաղաղ կարգավորման օգտին: «ՀԱՊԿ-ը դեմ է իրավիճակի սրմանը հայ-ադրբեջանական սահմանի վրա, հատկապես` ծանր հրետանու և տեխնիկայի կիրառմամբ»,-նշել է Բորդյուժան:
Նշենք, որ դեկտեմբերի 21-ին Մոսկվայում, ՀԱՊԿ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ, անկասկած, ամեն երկիր ունի իր շահերը, իր առաջնահերթությունները, բայց այդ հանգամանքը չպետք է հակադրվի մասնակից-երկրների ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին: «Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի դեմ կիրառում են տարբեր տրամաչափի հրազեն, ականանետներ և հրատենայանին կայանքներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշկեկի վրա, Մոսկվայի ու Մինսկի վրա: Հիշեցնեմ, որ մենք մեր Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված: Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, անհրաժեշտ չենք համարում վերցնել խոսափողը և հետաքրքրվել, թե ինչ է տեղի ունեցել դաշնակից Հայաստանում, և, միևնույն ժամանակ, միջազգային կազմակերպություններում քվեարկում ենք դաշնակցի շահերին դեմ, երրորդ երկրների հետ ընդունում երկկողմանի հռչակագրեր, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք, պարզապես, այդ կրակոցների տակ ենք դնում մեր Կազմակերպությունը, նրա հեղինակությունն ու նշանակությունը»,-ընդգծել էր ՀՀ նախագահը: