Լեռնային Ղարաբաղի հարցում Լեհաստանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին,
մասնավորապես, հակամարտող կողմերին
չզինելու սկզբունքին: Նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիսում այդ մասին
հայտարարել է Հայաստանում Լեհաստանի
դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` մեկնաբանելով «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական
ռազմարդյունաբերական ձեռնարկության բացումը Չարենցավանում, որն զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրելու է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:
Դիվանագետի ասելով, պաշտպանության ոլորտում հայ-լեհական
համագործակցությունը ենթադրում է փոխգործակցություն տեխնիկական բնագավառներում:
«Չեմ կարծում, թե զրահաբաճկոնները, որոնք կարտադրվեն գործարանում, կարող են որևէ
մեկի վնասել», - նշել է դիվանագետը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ
Լեհաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը և
հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը: Ընդ որում դեսպանը նշել
է, որ հակամարտությունը կարելի է կարգավորել այն ժամանակ, երբ շահագրգռված կողմերը
պատրաստ լինեն խաղաղ կարգավորման շուրջ երկխոսության:
«Լարվածության աճը, ագրեսիվ հռետորաբանությունը չեն
նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ու հակամարտության
կարգավորմանը», - կարծում է Ռաչինսկին: Նրա ասելով, Հայաստանն ու Ադրբեջանը
դատապարտված են կողք կողքի գոյատևման, քանզի աշխարհագրական դիրքն անհնար է փոխել,
բայց կարելի է փոխել աշխարհաքաղաքականը, և նրանք պարտավոր են պայմանավորվել: «Նույնիսկ
Երոպայի հարյուրամյա պատերազմն ավարտվվեց պայմանագրով, այլ ուղի չկա», - համոզված
է դիվանագետը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չկա մտավախություն,
որ բանակցային գործընթացը կարող է դուս գալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, քանի որ ԼՀՂ ԶՈՒ
խոցված ուղղաթիռին առնչվող միջադեպը ցույց տվեց , որ որոշ դեպքերում երաշխավորված
չէ
նույնիսկ ԵԱՀԿ ներկայացուցիչների անվտանգությունը և
միջադեպի վայր այցելելու հնարավորությունը, դեսպանը նշել է, թե բանակցությունների
այլ ձևաչափ չկա:
«Նաև չեմ կարծում, թե Հայաստանը շահագրգռված է բանակցային
գործընթացի ձևաչափի փոփոխմամբ: Կարիք չկա ծայրահեղությունների մեջ ընկնել և
գերագնահատել Մինսկի միջնորդների հնարավորությունները: Ես համաձայն չեմ այն
կարծիքին, թե միջնորդները պետք է կարգավորեն հակամարտությունը, դա կարող են անել
միայն ղարաբաղյան հակամարտության շահագրգիռ կողմերը», - նշել է Ռաչինսկին: Նա
ընդսմին հավելել է, որ միջնորդները կարող են առաջարկել հակամարտության կարգավորման
ուղիներ, սակայն միայն հակամարտող կողմերը կարող են գտնել ընդհանուր լուծում:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե որքանով
օբյեկտիվ է հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելը Ադրբեջանի
յուրաքանչյուր ագրեսիվ գործությանը հաջորոդող հայտարարություններում, Ռաչինսկին
նշել է, թե իր համար, որպես ռազմական ոլորտից հեռու մարդու, դժվար է գնահատել
իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Սակայն
եթե գնահատելու լինենք քաղաքական տեսանկյունից, ապա կարող եմ ասել մեկ բան.
Հայտարարությունները պետք է լինեն առավելագույնս հաշվեկշռված, որպեսզի ստեղծված
երկխոսությունը չխախտվի, և
հնարավորություն լինի շարունակելու բանակցային գործընթացը», - եդզրափակել է
դիվանագետը: