ԵՄ հետ ազատ
առևտրի գոտու շուրջ համաձայնագիրը (DCFTA)
հնարավորություն չի տալիս փոխհատուցելու մոլդովական արտադրանքից Ռուսաստանի
հրաժարումը` ի պատասխան Քիշնևի եվրաինտեգրման: Այդպիսի կարծիք է հայտնել Մոլդովայի
խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Բոգդան Ցիրդյան` առցանց մամուլի ասուլիսում
պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
«Եվրոպական շուկայի քվոտաները կոշտ են: Սակայն մենք նույնիսկ դրանք
չենք կարող ապահովել: Մրցակցությունը` մեկ, անհամապատասխանությունը բազմաթիվ
ստանդարտներին` երկու: Ահա և կորցնում ենք մեր ավանդական ճյուղերը: Վերցնենք
գինեգործությունը: 2005 թվականին Մոլդովան վերահսկում էր Ռուսաստանի գինու շուկայի
65%-ը, 2014 թվականին` ընդամենը 9,8%-ը: Այսօր, հավանաբար, ավելի պակաս», - նշել է
պատգամավորը:
Հիշեցնելով, որ ԵՄ արտահանումն, ընդհանուր առմամբ, ավելացել է և մի
քանի տոկոսով գերազանցում է ԱՊՀ երկրներ արտահանումը, Ցիրդյան հավելել է, որ խոսքը վերաբերում է,
հիմնականում, վերաարտահանմանը: Իսկ արտահանման այդպիսի աճը չի հանգեցնում ավելացած
արժեքի և աշխատատեղերի աճի: Այդպիսով, արտաքին առևտրի հաշվեկշիռը մնացել է
նախկինը. ներմուծումը 2,5 անգամ գերազանցում է արտահանումը: Իսկ 2014 թվականին արտահանումը 3%-ով կրճատվել
է. ԱՊՀ երկրներ` 19%-ով, ՌԴ` գրեթե 30%-ով: Դա հանգեցրել է լեյի 25-30% արժեզրկման,
գնաճի:
«Այդ լույսի ներքո չափազանց կարևոր է մոլդովական գյուղատնտեսական
արտադրանքի արտահանման խնդիրը: Եվրաասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո
Մոսկվան արգելք է կիրառել գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների նկատմամբ.
խնձոր, գինի, պահածոներ և այլն: Մոլդովայի համար սա լուրջ հարված է: Մենք միայն
200 մլն դոլարի խնձոր էինք արտահանում` զբաղեցնելով երկրորդ տեղը, ՌԴ խնձորի
շուկայի 9%-ը: Էմբարգոյի պատճառով
հազարավոր ֆերմերներ վիթխարի վնասներ կրեցին, իսկ պետությունը, չնայած շռայլ
խոստումներին, գյուղմթերք արտադրողների վնասները չի փոխհատուցել», - ամփոփել է
քաղաքագետը:
Հայաստանի
լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների
հարցազրույցները կազմակերպվում են «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի «Արդիական
երկխոսություններ Հայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի շուրջ» նածագծի շրջանակում: