Ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու ԱՄՆ Պետդեպարտամենտի կոչերը հետագա զարգացում չեն ստանա, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Քաղաքագետի խոսքով, քանի որ ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու վերաբերյալ Արցախի իշխանություններին անմիջական ուղերձներ չեն եղել, հետագա զարգացումներ պետք չէ սպասել: Նա ավելացրել է, որ այդ մարդիկ գերության մեջ հայտնված շարքային քաղաքացիներ կամ զինվորականներ չեն. նրանք ծանր հանցանք են գործել մարտական դիրքերից հեռու և դատապարտվել են երկրի օրենքներին համապատասխան, որտեղ չարանենգ արարք են կատարել:
Ըստ որում, քաղաքագետը նշել է, որ ադրբեջանական կողմը փոքր-ինչ աղավաղել է դիվերսանտների վերաբերյալ Նուլանդի` Բաքվում հնչեցրած խոսքերը: ՙԵրևանում Նուլանդն արդեն չի կարողացել ամբողջովին հրաժարվել հայտարարություններից, որոնք հնչել են Բաքվում: Բայց ամեն դեպքում նա չի հստակեցրել, թե ում է ուղղված այդ կոչը, հետևաբար`այդ հարցի առնչությամբ հետագա զարգացումներ չեն լինի՚,- նշել է Մինասյանը:
Նշենք, որ փետրվարի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեն Պսակին կրկին Հայաստանին կոչ է արել վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտներին:
Պաշտոնական Ստեփանակերտն իր հերթին անընդունելի է համարել ղարաբաղյան բանտում պատիժ կրող ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի կոչերը: ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի ասելով, Արցախի Հանրապետության ղեկավարությունը բազմիցս նշել է, որ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև դիվերսիոն խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը ահաբեկչական գործողություններ են իրականացրել ԼՂՀ տարածքում:
ՙՀետագայում նրանց նկատմամբ իրականացվել է թափանցիկ դատավարություն, որին ներկա են եղել թե ԶԼՄ-ների, թե հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Դատարանի որոշումը հարկավոր է հարգել՚,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի վնասազերծված երրորդ մասնակից Հասան Հասանովը հունիսի 29-ին զիված ապօրանաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: 2014 թ. դեկտեմբերի 29-ին Արցախի դատարանը դատավճիռ է կայացրել, համաձայն որի`Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման: