Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ հատվածական պատժամիջոցներն այդ թվում հետխորհրդային տարածության որոշակի հատվածում ուժի նոր կենտրոնի`ի դեմս Եվրասիական տնտեսական միության, ձևավորումը թույլ չտալու նպատակ են հետապնդում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել հայտնի տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Այս համատեքստում նա հիշեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի խոսքերը, ով հայտարարել էր, որ ԱՄՆ-ը թույլ չի տա ԽՍՀՄ-ի վերստեղծումը`իր ցանկացած ձևով: ՙՎստահ եմ, որ Ռուսաստանի նկատմամբ խստացվող տնտեսական և քաղաքական պատժամիջոցները նաև այդ նպատակն են հետապնդում:
Այդ պատժառով ԵվրԱզԷՍ-ի ստեղծման պատրաստակամություն հայտնած երկրները դատապարտված են դրա շուտափույթ ստեղծմանը՚,- ընդգծել է փորձագետը: Նրա համոզմամբ, պայմաններում, երբ բացառապես սեփական շահերը հետապնդող Չինաստանը փաստորեն վերածվել է ուժի նոր կենտրոնի, Մաքսային միության անդամների և անդամերի թեկնածուների ընդհանուր շուկայի ձևավորման ակտուալացման խնդիրը նոր թափ է ստանում`հանուն վերջիններիս մրցակցային առավելությունների և ընդհանուր շահերի իրացման:
Պատասխանելով Ուկրաինայի իրադարձությունների պատճառով ԵԱՏՄ ձևավորման հարցի որոշակի մոռացության պատճառների և առանց այդ երկրի ընդհանուր շուկայի ստեղծման հնարավորության վերաբերյալ ԱրմԻնֆո-ի հարցին`Մանասերյանն ընդգծել է, որ այդ գործընթացները հարկավոր է դիտարկել ոչ միայն տնտեսության, այլ նաև գլոբալ քաղաքականության լույսի ներքո: ՙՉեմ բացառում, որ թե’ ՄՄ-ին Հայաստանի անդամակցման գործընթացի դանդաղումը, թե’ ԵԱՏՄ շուրջ որոշակի լռությունը կապված են Ուկրաինայի իրադարձությունների հետ, սակայն պետք է հասկանալ, որ ուկրաինական ճգնաժամն այդքան արագ չի կարգավորվի և կկորցվի թանկարժեք ժամանակը, ինչն էլ ակնկալում են որոշակի ուժեր: Իհարկե, զուտ տնտեսական առումով, ինտեգրման բոլոր աստիճաններով ցատկել`Ազատ առևտրի գոտուց մինչև ընդհանուր շուկա, հեշտ չէ, բայց իրավիճակն այնպիսին է, որ հենց հիմա է հարկավոր քաղաքական կամք դրսևորել, պայմանավորվել և ցատկ կատարել դեպի գլոբալ քաղաքականության և համաշխարհային տնտեսության նոր բևեռի ստեղծումը՚,- ընդգծել է Մանասերյանը: Տնտեսագետը համոզմունք է հայտնել, որ եթե երկրները ԵվրԱզԷՍ-ն ուժի համաշխարհային կենտրոն վերածելու նպատակ չեն հետապնդում, ավելի լավ է դրա ստեղծման գործընթաց չսկսել: