Ազգային անվտանգության ծառայությունն ապաքաղաքականացված կառույց է, և մեր բոլոր գործողությունները միտված են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների անվտանգության ապահովմանը, «Արմենպրես՚-ին հարցազրույցում ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանը՝ պատասխանելով շրջանառվող լուրերին, որ իբր զինված հանցավոր խմբի վնասազերծումը «բեմականացված՚ էր կամ միտված ահաբեկելու, ճնշելու ընդդիմադիր ուժերին, որով իսկ փորձ է արվում քաղաքական երանգ հաղորդել իրականացված հատուկ գործողություններին:
ՙԲացահայտվել ու ձերբակալվել է զինված հանցավոր խումբ, առգրավվել մեծ քանակի զենք և ռազմամթերք, կանխվել են հրեշավոր վտանգներ, և դժվար է պատկերացնել խմբի հնարավոր գործունեության դեպքում որքան զոհեր և ինչ հետևանքներ կարող էին լինել: Ցանկանում եմ ընդգծել, որ երբ գիշերը կազմակերպվեց վարձակալված առանձնատան վրա գրոհը, ՀՀ ԱԱԾ «Ալֆա՚ հատուկ ջոկատայինները տեղյակ էին հանցավոր խմբի մասնակիցների զինված լինելու մասին, բայց սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամությամբ չվարանեցին, չընկրկեցին և մշակված ու կազմակերպված գործողությունների արդյունքում վնասազերծեցին հանցավոր խումբը: Ընդ որում գործողության ընթացքում ոչ մի զոհ չեղավ: Զարմանալի է, որ ի պատասխան այս անձնազոհության և հայրենասիրության՝ այսօր նրանք պիտի կարդան նման մեկնաբանություններ, նրանց աշխատանքը նման գնահատականի արժանանա:
Կարծում եմ` այս դեպքում տարօրինակ մեկնաբանությունների փոխարեն պետք է շնորհակալություն հայտնել հատուկ գործողությունն իրականացրած աշխատակիցներին: Իսկ այդ «մասնագետներին՚ առաջարկում ենք հետագայում մասնակցել գործով դատական նիստերին և հուսով ենք այն հնարավորություն կտա գիտակցել, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար անհիմն հայտարարություններ անելով առաջին հերթին հենց իրենց են հեղինակազրկում:
Գալու է ժամանակը և նրանք ապաշխարելու են, գոնե հոգու խորքում ամաչելու են՝ իրականացված գործողություններն պիտակավորելու և հանրությանը ապակողմնորոշելու համար՚,- հայտարարել է Գորիկ Հակոբյանը:
Նշենք, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, 2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը: Նոյեմբերի 25-ին Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն: